Հորդանանը դատապարտել է Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների դեմ Իսրայելի իշխանությունների քայլերը

12:48 • 26.02.18

Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության հարցերով նախարար Մուհամեդ ալ-Մումանին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտում է Երուսաղեմի քրիստոնեական տաճարների նկատմամբ իսրայելական իշխանությունների գործողությունները և պահանջում «դադարեցնել Երուսաղեմի եկեղեցիների նկատմամբ ճնշումները»: Այդ մասին հայտնում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով WAFA գործակալությանը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ քրիստոնեական եկեղեցիները, որոնք ղեկավարում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կիրակի փակել են այն՝ ի նշան քաղաքային իշխանությունների կողմից նրանցից պետական հարկ գանձելու մտադրության և սեփականության հարկադիր օտարման մասին օրինագծի դեմ բողոքի:  Քաղաքապետարանը եկեղեցիներից պահանջում է հարկ վճարել եկեղեցիներին պատկանող առևտրային նշանակության անշարժ գույքից և արդեն անցել է բանկային հաշիվների կալանքին՝ պահանջելով վճարել նաև 53 միլիոն դոլարին համարժեք նախորդ տարիների կուտակած պարտքերը: 


Ալ-Մումանիի խոսքով՝ Երուսաղեմի եկեղեցիները նախկինում չէին հարկվում, իսկ քաղաքային մարմինների կողմից նրանց բանկային հաշիվների սառեցումն «անթույլատրելի քայլ» է:


«Դա ոտնձգություն է Երուսաղեմի կրոնական սրբատեղիների պատմական կարգավիճակի նկատմամբ և միջազգային իրավունքի խախտում»,- ընդգծել է նա:


Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդներն իրենց հայտարարությունում նշել են, որ քրիստոնյաների համար կարևորագույն այս սրբատեղին փակ կմնա մինչև հետագա ծանուցումը: