Ընտրվելու դեպքում ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը. Արմեն Սարգսյանը եզրափակիչ ելույթ ունեցավ ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրի նախագահի ընտրության հարցի քննարկումից հետո ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով:
«Իմ ասելիքները, հիմնական դրույթներն ասել եմ, թույլ տվեք իմ ելույթը սկսել՝ դիմելով ՀՀ ԱԺ բոլոր՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ելք» խմբակցություններին, շնորհակալություն հայտնել բարի մաղթանքների, լավ խոսքերի համար, որոնք լսեցի, բայց կարծում եմ՝ նրանից շատերը պետք է արդարացնեմ իմ աշխատանքով»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, թե լսեց նաև քննադատությունները և վստահաբար ուշադրություն դարձնելու է և ուրախ կլինի շարունակել երկխոսությունը:
«Մի փոքրիկ դիտողություն, եթե կարող եմ, քանի որ պարոն Փաշինյանը հետաքրքիր տեսություն կառուցեց՝ կապելով իմ դիվանագիտական ծառայությունը քաղաքացիության որոշ փաստերի հետ: Դուք փաստեր սիրում եք պարոն Փաշինյան, ես որոշ ուղղում մտցնեմ. ՀՀ երկրորդ նախագահն ինձ ազատել է դեսպանի պաշտոնից 2000թ.-ի սկզբին, Բրիտանիայի քաղաքացիություն ստացել եմ երկու տարի հետո, քաղաքացիությունից, ըստ օրենքի, հրաժարվել եմ 2011թ.-ից, իսկ դեսպան դարձել եմ 2013թ.-ի սեպտեմբերի 27-ին»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց. «Ընտրվելու դեպքում իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ՝ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է, նրա բարգավաճմանը և մեր ժողովրդի հաջողություններին»:










