Արևելյան Ղուտայի բնակիչները խնդրում են իրավապաշտպաններին օգնել իրենց դուրս գալ գրոհայինների հսկողության տակ գտնվող տարածքներից
Արևելյան Ղուտայի բնակիչները զանգվածային կերպով կապ են հաստատում սիրիական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով օգնել իրենց դուրս գալ գրոհայինների կողմից գրավված տարածքներից: Այդ մասին հայտնել է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը, հայտնում է ТАСС-ը:
«Ստացված տեղեկության համաձայն՝ վերջին օրվա ընթացքում մի քանի անգամ աճել է Արևելյան Ղուտայի բնակիչների դիմումների քանակը՝ ուղղված իրավապաշտպաններին»,- ասել է Զոլոտուխինը:
Նա հավելել է, որ Արևելյան Ղուտայում մարդասիրական միջանցքի ռմբակոծությունները շարունակվել են նաև այսօր:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայում փետրվարի 27-ից սահմանվում է ամենօրյա մարդասիրական դադար՝ տեղի ժամանակով 9:00-ից մինչև 14:00-ն:










