Հայտնի են «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության հաղթողները (թարմացված)

08:52 • 05.03.18

Լոս Անջելեսում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:

Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է 90-րդ անգամ:

Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, լավագույն ֆիլմ է ճանաչվել  Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։

Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

Մրցանակաբաշխության կարևորագույն անվանակարգերից մեկում հաղթել է «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը՝ ճանաչվելով լավագույն դերասան: 


Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ 

Lավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկառուս»-ը, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար պարգևատրվել է բրիտանական արտադրության «Դյունկերկ»-ը:

Ինչ վերաբերում է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգին, ապա այստեղ հաղթել է «Ֆանտաստիկ կին»-ը:

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»): Իսկ 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Սիրելի բասկետբոլ»-ը, մինչդեռ «Կոկո»-ն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ:

Լավագույն վիզուալ էֆեկտների համար պարգևատրվել է «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը, որն արձանիկի է արժանացել նաև «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:

Մինչդեռ «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում «Օսկար»են ստացել «Դո՛ւրս այստեղից» ու «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմերը:

Հայտնի են «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության հաղթողները (թարմացված)