Թրամփին թույլատրվել է արգելափակել Twitter-ի օգտատերերին
ԱՄՆ կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի սոցցանցերում ԱՄՆ նախագահի անձնական էջերի հետևորդներին արգելափակելն օրինական է ու չի հակասում Սահմանադրությանը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մի շարք օգտատերերի՝ Թրամփի Twitter-յան էջին հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ գործի դատական լսումներն անցել են մարտի ութին:
Կառավարությունը ներկայացնող փաստաբանների կարծիքով՝ նախագահի միկրոբլոգը կարող է նրա պաշտոնական հայտարարությունների հարթակ լինել, իսկ օգտատերերին արգելափակելը նրա անձնական գործն է:
Նշվում է, որ դատական գործը սկսվել է ԱՄՆ «Կոլումբիա» համալսարանի Նայթի անվան ինստիտուտի հայցի հիման վրա: Կազմակերպությունը դատի է տվել նախագահին ու նրա վարչակազմի մի շարք աշխատակիցների յոթ օգտատերերի անունից, որոնք արգելափակվել են Թրամփի կողմից: Նրանց կարծիքով՝ հասանելիության սահմանափակումն ու մյուս հետևորդների հետ հավասար գրառումներ մեկնաբանելու անհնարինությունը խախտում է խոսքի ազատությունը:
Դատական նիստի ժամանակ ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Մայքլ Բաերը կոչ է արել շրջանային դատավոր Նաոմի Ռայս Բուխվալդին «դեն նետել» հայցը: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր պաշտոնյա իրավունք ունի ընտրելու համացանցում իր զրուցակիցներին:
Լսումների ավարտից հետո Բուխվալդը կոչ է արել կողմերին լուծել կոնֆլիկտը արտադատարանային կարգով, ինչպես նաև խորհուրդ է տվել նախագահին օգտատերերին արգելափակելու փոխարեն չհետևել նրանց գրառումներին ու մեկնաբանություններին:










