Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ռուս նախկին սպայի թունավորման վերաբերյալ

17:41 • 15.03.18

Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան անգլիական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպն անվանել են Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում: Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով չորս երկրների առաջնորդների հայտարարությունը:


«Դա Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում է, և նման տեսակի ցանկացած գործողություն որևէ պետության կողմից քիմիական զենքի մասին հռչակագրի ակնհայտ խախտում է, ինչպես նաև միջազգային օրենսդրության խախտում: Դա վտանգ է մեզ բոլորիս համար»,- ասված է հայտարարությունում:


Առաջնորդները նշել են, որ դա վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար:


«Ռուսաստանում ստեղծված և ռազմական նշանակությամբ կիրառվող նյարդապարալիտիկ տեսակի նյութի օգտագործումը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր հարձակման նպատակներով նյարդապարալիտիկ նյութի առաջին կիրառումն է»,- նշվում է փաստաթղթում:


Բացի այդ, երկրները կոչ են արել Ռուսաստանին «Նովիչոկ» ծրագրի մասին ամբողջական զեկույց ներկայացնել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:


Ավելի վաղ՝ երեկ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:


Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:


Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ռուս նախկին սպայի թունավորման վերաբերյալ