ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ցոլակյանը մեզ հետ հանդիպելու մասին մինչ այս պահը որևէ ցանկություն չի հայտնել. Գ. Համբարյան

12:37 • 24.03.18

Այսօր կեսօրի՝ ժամը 12-ի դրությամբ Շիրակի պետական համալսարանի` աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը որևէ տեղեկություն չունեին՝ պատրաստվո՞ւմ է իրենց հետ հանդիպել բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, այն դեպքում, երբ ժամը 14-ին նախատեսված է ՇՊՀ պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի ընդլայնված նիստը:

Այս մասին  Tert.am –ի հետ  զրույցում հայտնեց Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանը, ում և մյուս հեռացված դասախոս  Հովհաննես Խորիկյանի հետ հանդիպելու իր մտադրության  վերաբերյալ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել էր լրագրողների հետ զրույցում:

«Այնպես որ, մենք չգիտենք, ընդհանրապես նման հանդիպում կարո՞ղ է լինել Ֆելիքս Ցոլակյանի հետ, թե ոչ»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանում  երկու դասախոսների աշխատանքից ազատումը լայն արձագանք ստացավ և ընդդեմ նրանց ազատման հանդես եկան բազմաթիվ դասախոսներ, մտավորականներ և անգամ պատգամավորներ:

Իսկ դասախոսները գրեթե ամեն օր բուհում կատարվածի վերաբերյալ սկանդալային բացահայտումներով են հանդես գալիս, որոնցից մեկն էլ այն էր, որ բուհում դասավանդում է և 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում երկրորդ կուրսի ուսանող, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ կոմպրոմատ ունի:

Գագիկ Համբարյանը նկատեց, որ  հոգաբարձուների խորհրդի նիստին իրենց վերաբերող և ոչ մի հարց չի քննարկվելու:

«Սահակ Մինասյանն ընդամենը ներկայացնելու է իր հաշվետվությունը ՝2018 թվականի ֆինանսական ծրագրերի վերաբերյալ: Այն 2 կետից է բաղկացած: Հրավիրվածները 99.9 տոկոսը Սահակ Մինասյանի յուրայիններ են, էնպես որ, ինչքան նկատում եմ՝ դա պետք է լինի մեկ դերասանի թատրոն»,-հավելեց քաղաքագետը:

Նշենք, որ նիստն անցնելու է դռնփակ: