ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան և մի շարք այլ երկրներ արտաքսում են ռուս դիվանագետներին (թարմացված)

17:20 • 26.03.18

19.21

Ալբանիան պերսոնա նոն գրատա է ճանաչել երկու ռուս դիվանագետի՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ։


17.45  
Եվրամիության 28 անդամ երկրներից 14-ը որոշել է արտաքսել ՌԴ դիվանագետներին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Լոնդոնի հետ համերաշխության: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Արդեն այսօր ԵՄ 14 երկիր որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին»,- ասել է նա լրագրողներին:


Տուսկը չի նշել այդ որոշումը կայացրած ԵՄ երկրները, ինչպես նաև արտաքսվող դիվանագետների թիվը:

 

17.20 ԱՄՆ-ն որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համերաշխության: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմից պաշտոնյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արտաքսում է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է արտաքսել ԱՄՆ-ից հետախուզության տասնյակ ռուս սպաների (նկատի ունի ռուս դիվանագետներին-tert.am) և փակել Սիեթլում ռուսական հյուպատոսությունը՝ մեր սուզանավերի բազային դրա մոտ լինելու պատճառով»,- ասել է պաշտոնյան լրագրողներին:

«ԱՄՆ-ն ձեռնարկում է այդ գործողությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և ամբողջ աշխարհում իր գործընկերների հետ միասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռազմական քիմիական զենքի կիրառման, որը վերջին դեպքն էր աշխարհում շարունակվող ապակայունացնող գործողությունների շարքում»,- հավելել է նա:

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է «Սկրիպալի» գործի առնչությամբ չորս ռուս դիվանագետի արտաքսման մասին:

Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Դանիան:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: