Կեմերովոյի մարզպետը 64 մարդու կյանք խլած հրդեհի համար ներողություն է խնդրել Պուտինից, փոխմարզպետը ծնկի է իջել բնակիչների առաջ (տեսանյութ)
ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքների վերացման թեմայով անցկացված խորհրդակցության ժամանակ կատարվածի համար ներողություն է խնդրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից, հայտնում է lenta.ru-ն:
«Դուք անձամբ եք ինձ զանգահարել: Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն եմ հայտնում: Անձամբ ներողություն եմ խնդրում Ձեզնից մեր տարածքում կատարվածի համար»,- Պուտինին դիմելիս ասել է Տուլեևը:
Կեմերովոյի մարզպետն ընդգծել է, որ երբ Պուտինին զեկուցում էր 27 անհայտ կորածի մասին, տեղյակ չէր կատարվածի իրական լրջությունից: Տուլեևը հավելել է, որ հրդեհի հետևանքով 64 զոհերի մեջ է նաև իր բարեկամուհին:
Մինչդեռ kp.ru-ն հավելում է, որ մարտի 27-ի առավոտյան ՌԴ Կեմերովոյի մարզի բնակիչները հավաքվել են մարզպետարանի շենքի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելով «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ: Ցույցին ներկա է եղել փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլևը, որը ծնկաչոք ներողություն է խնդրել բոլոր հավաքվածներից:
«Կուզենայի ձեզնից ներողություն խնդրել»,-ասել է նա ու անսպասելիորեն ծնկի իջել: Վայրկյաններ անց նա ոտքի է ելել ու ասել, որ դեռ հնուց մարդիկ ծնկի էին իջնում, երբ ցանկանում էին ներողություն խնդրել: Այդ խոսքերից հետո հավաքվածները ծափահարել են նրան:
Հայտնի է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններից պատմել հրդեհի մասին ճշմարտությունը, շատերը չեն հավատում ողբերգության զոհերի պաշտոնապես հրապարակված թվին: Մյուսները դժգոհություն են հայտնում, որ հրդեհի մարման համար աշխատել է քիչ թվով հրշեջ: Նրանք նաև պահանջում են, որ իրենց մոտենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մարտի 27-ին ժամանել է Կեմերովո:










