2020 թ. սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին

16:57 • 28.03.18

Վաղը կառավարության հերթական նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակներում է «Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022թթ. ծրագրով   նախատեսվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում մշակել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ:

ԱՃԹՆ-ն ներդրած բոլոր պետություններն առաջնորդվում են ԱՃԹՆ-ի ստանդարտով, և ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն (պահանջ 2.5)՝ ԱՃԹՆ-ն իրականացնող երկրներում 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին (այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց):

Հարկ է նշել, որ վարչապետի որոշմամբ հաստատված ԲՇԽ-ի կազմը ներառում է համապատասխան 6 գերատեսչությունների, ոլորտի խոշոր հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ում կողմից ճանապարհային քարտեզն արժանացել է հավանության:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում են միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կբացահայտվեն ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը: Այդ նպատակով ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը:

ՀՀ-ում իրական սեփականատերերի բացահայտումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ:  Համապատասխան օրենսդրության մշակման պատասխանատու մարմինն է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համատեղ: