ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ՝ ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայում տեղակայված ընտրատեղամասերում ռուսների քվեարկությանը խոչընդոտելու համար: Այդ մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:
«Քննության տվյալներով՝ Ավակովը հրահանգներ է տվել Կիևում, Լվովում, Օդեսայում և Խարկովում ռուսական դիվանագիտական հաստատությունների անվտանգությունն ապահովող և իր ենթակայության տակ ծառայող Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցներին՝ ընտրատեղամասեր թույլ չտալ Ռուսաստանի քաղաքացիներին՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է Պետրենկոն:
Նա նշել է, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են ՌԴ քաղաքացիների սահմանադրական իրավունքները և թույլ են տալիս Քննչական կոմիտեին քրեական գործ հարուցել:
ՌԴ նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին: Հաղորդվել է, որ Ուկրաինայում ոստիկանությունն արգելափակել է դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի մուտքը՝ թույլ չտալով ՌԴ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին:










