Հրվ. Կորեայի նախկին նախագահը կոռուպցիայի համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիոն բնույթի հանցանքների համար ու դատապարտվել 24 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է Reuters-ը, դատարանը պարզել է, որ նախկին ղեկավարը մտերիմ ընկերուհու՝ պետական պաշտոն չզբաղեցնող, սակայն ներքաղաքական իրավիճակի վրա զգալի ազդեցություն ունեցող Չհվե Սուն Սիլի հետ տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառք է ստացել մի շարք խոշոր ընկերություններից՝ այդ թվում նաև Samsung-ից ու Lotte-ից, դրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ Պակ Կըն Հեին ներկայացվել է կոռուպցիային վերաբերող 18 մեղադրանք: Իր մեղավորությունը հերքող նախկին քաղաքական գործչին սպառնում էր մինչև 30 տարվա ազատազրկում:
Նշվում է նաև, որ նախկին նախագահը ներկա չի եղել վճռի ընթերցմանը: Նա բոյկոտել է դատական լսումներն ու դատարանին մեղադրել իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու համար:










