50 ամենահարուստ ռուսները մեկ օրվա ընթացքում մոտ 12 միլիարդ դոլար են կորցրել. Forbes

21:46 • 09.04.18

Ռուսական ֆոնդային շուկայի անկումը բերել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունների լուրջ կրճատման: Ինչպես վկայում են Forbes ամսագրի տվյալները՝ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է ավելի քան 11,7 միլիարդ դոլարով:

Հաղորդվում է, որ ֆոնդային շուկայի անկման գագաթնակետին Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 9 տոկոսով, իսկ RTS-ի ինդեքսը՝ մոտ 11 տոկոսով:

Ամենաշատը կորուստ կրել է գործարար Օլեգ Դերիպասկան, ում կարողությունը կրճատվել է գրեթե մեկ քառորդով կամ 1,3 միլիարդ դոլարով:

Forbes-ի փորձագետները երկուշաբթի Դերիպասկայի կարողությունը գնահատել են 4 միլիարդ դոլար, մինչդեռ Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկի հրապարակման պահին այն եղել է 6,7 միլիարդ դոլար:

Նույն 1,3 միլիարդ դոլար է կորցրել նաև մեկ այլ գործարար Վլադիմիր Պոտանինը, ով չի հայտնվել ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում: Կորուստների չափով առաջատարների թվում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Վիկտոր Վեքսելբերգը և Սուլեյման Քերիմովը, ովքեր հայտնվել էին ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած լրացված ցուցակում:

ԱՄՆ-ն ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս գործարարների և նրանց ենթակայությունների տակ գտնվող ընկերությունների, ինչպես նաև բարձրաստիճան ռուս պաշտոնյաների դեմ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուսաստանաբնակ գործարարի, պաշտոնատար անձի ու 15 ռուսական ընկերության նկատմամբ: Ցանկում, նշված գործարարներից բացի, ներառվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։