«ՌԴ–ի հետ մեր հարաբերություններն ամենավատ վիճակում են. վերջ տա՞նք սպառազինության մրցավազքին». Թրամփը՝ Ռուսաստանին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի տարածքին հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ ու Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալից հայտարարությունից րոպեներ անց նոր գրառում է արել իր թվիթերյան էջում:
Նա նշել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի օգնության կարիքն ունի:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երբևէ եղածից՝ այդ թվում նաև «սառը պատերազմից» ի վեր ամենավատ վիճակում են: Բայց դրա համար պատճառ չկա: Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի` հատկապես տնտեսության հարցում: Դա շատ հեշտ կարվի, եթե բոլոր ազգերը համագործակցեն: Վերջ տա՞նք սպառազինության մրցավազքին»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
Այս կերպ Թրամփն արձագանքել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:
«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել է Թրամփը:
Օրերս ԱՄՆ նախագահը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:










