Թրամփը, Մեյն ու Մակրոնը որոշել են միասնական պատասխան տալ Սիրիայում տեղի ունեցած ենթադրյալ քիմհարձակմանը. The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդհանուր հայտարարի են եկել օրերս սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած և ավելի քան 40 մարդու մահվան պատճառ դարձած ենթադրյալ քիմիական հարձակմանն իր պատասխան համատեղ գործելու հարցում:
Ինչպես նշում է The Guardian-ը, երեք պետությունների ղեկավարները հեռախոսազրույցների ընթացքում համաձայնել են, որ Սիրիայում կատարվածին պետք է կոշտ պատասխան տալ, որպեսզի ամբողջ աշխարհում վերջ դրվի քիմիական զենքի կիրառմանը:
Թրամփը, Մակրոնն ու Մեյը նաև համաձայնել են, որ միջազգային հանրությունը պետք է սերտ համագործակցի, որպեսզի սիրիայում իշխող ռեժիմն ու դրա աջակիցները պատասխանատվության ենթարկվեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Թոմ Թագենդհաթը հայտարարել է, որ դաշնակից պետությունների հետ կարելի է հարվածել Սիրիայի քիմիական զենքի պահեստներին, ինչի դեպքում ռեժիմն այլևս չի կարողանա պատերազմական հանցագործություններ կատարել:
«Նման հարված հասցնելու համար պարտադիր չէ խորհրդարանում քվեարկություն անցկացնել»,-ընդգծել է պաշտոնյան:
Թերեզա Մեյն իր հերթին չի բացառել, որ Լոնդոնը կարող է մասնակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ ուղղված միջազգային ռազմական հարվածին:
Մինչդեռ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտնել է, որ նախագահ Թրամփն ու վարչապետ Մեյը դատապարտել են Ասադի`մարդկային կյանքի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքը:
Բացի այդ, նրանք պայմանավորվել են ամեն ինչ անել ապագայում քիմիական զենքի կիրառումը բացառելու համար:
Մինչդեռ Al Arabiya-ն հավելում է, որ նախագահ Թրամփը չեղարկել է Լատինական Ամերիկա կատարելիք այցը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պատասխան քայլի վրա:
«Թրամփը կմնա Միացյալ Նահանգներում, որպեսզի հետևի Սիրիայում ԱՄՆ-ի պատասխանին ու աշխարհում տեղի ունեցող մյուս զարգացումներին»,- ասել է Սանդերսը:
Աղբյուրն ուշագրավ է համարում նաև այն փաստը, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը չեղարկել է հանգստյան օրերին ճամփորդության մեկնելու ծրագրերը, քանի որ այժմ Պենտագոնը սերտ համագործակցում է Սպիտակ տան հետ Սիրիայում տեղի ունեցած ենթադրյալ քիմհարձակմանն ամերիկյան կողմի պատասխանի շուրջ:
Հիշեցնենք, որ Թրամփը, անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը, խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Սպիտակ տան իր աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ 71-ամյա ղեկավարն ասել է, որ ռազմական հարվածի տարբերակը չի բացառվում:
«Եթե դա Ռուսաստանն է, կամ Սիրիան, կամ Իրանը, կամ նրանք բոլորով միասին, մենք դա կպարզենք ու համապատասխան լուծում կտանք»,-ասել է նախագահը:
Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է քիմհարձակման համար պատասխանատվություն կրել, Թրամփն ասել է՝ «Այո, չի բացառվում: Եվ եթե պարզվի, որ նա պատասխանատու է, նրա համար շատ ծանր կլինի: Բոլորն էլ վճարելու են՝ և՛ նա, և՛ մյուսները»:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարի Սիրիայի բնակավայրերից մեկում հավանաբար նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական զորքերի կողմից իրականացված քիմիական հարձակումից հետո, Թրամփի հրահանգով ԱՄՆ-ն «Տոմահավկ» տեսակի հրթիռներ էր արձակել սիրիական ավիաբազաներից մեկի ուղղությամբ:
Հայտնի է, որ ռուսական և սիրիական զորքերն ապրիլի 9-ին ուսումնասիրել են ենթադրյալ քիմհարձակման իրականացման տարածքն ու քիմիական որևէ նյութի հետք չեն հայտնաբերել: Այժմ ռուսական կողմը պնդում է, որ քիմիական հարձակման մասին լուրերը կեղծ են:










