«Դա կարող է շատ շուտով տեղի ունենալ, կամ էլ ոչ այնքան շուտ». Թրամփը՝ Սիրիային հարվածելու մասին

15:06 • 12.04.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է երեկվա թվիթերյան գրառումը, որում հայտնել էր Սիրիայի տարածքին հասցվելիք հրթիռային հարվածի մասին, ինչպես նաև սպառնացել էր Ռուսաստանին՝ կոչ անելով պատրաստվել ամերիկյան հզոր ու «խելացի» հրթիռների գալուն:

«Առհասարակ չեմ ասել՝ երբ է Սիրիայի դեմ ուղղված հարձակումն իրագործվելու: Դա կարող է շատ շուտով տեղի ունենալ և կարող է ոչ այնքան շուտ տեղի ունենալ: Ամեն դեպքում Միացյալ Նահանգներն իմ իշխանության օրոք մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանն «Իսլամական պետություն»-ից (ահաբեկչական խմբավորում-Tert.am) ազատելու համար: Իսկ որտե՞ղ է մեր «Շնորհակալ ենք, Ամերիկա»-ն»,-Twitter-ում գրել է 71-ամյա հանրապետականը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:

Այս կերպ ԱՄՆ ղեկավարն արձագանքել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել է Թրամփը: 

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար: