Ամերիկացի պաշտոնյաները կոչ են արել ԱՄՆ-ին դատապարտել Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, այլ ոչ թե հաշտվել դրա հետ
Ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997) Ռիչարդ Կաուզլարիխը և ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով օգնական և Freedom House միջազգային կազմակերպության նախկին ղեկավար Դևիդ Քրեմերը կոչ են արել Միացյալ Նահանգներին դատապարտել Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, այլ ոչ թե հաշտվել դրա հետ: Այդ մասին նրանք գրել են Foreign Policy-ում հրապարակված իրենց հոդվածում:
«Ընտրությունների նախաշեմին Ալիևի կառավարությունը շարունակել է մասշտաբային զորավարժությունները, և անգամ Երևանն անվանել Ադրբեջանի մաս՝ փորձելով քաղաքացիներին համախմբել դրոշի շուրջ»,- գրել են նրանք հոդվածում:
Հեղինակները կասկած չեն հայտնել, որ ապրիլի 11-ի ընտրությունների արդյունքներով Իլհամ Ալիևը կվերընտրվի:
«Մենք արդեն գիտենք, որ նախագահ Իլհամ Ալիևի համար, որն իշխանության մեջ է գտնվում 2003 թվականից՝ իր հորը փոխարինելուց հետո, երաշխավորված է ևս մեկ ժամկետ: Ադրբեջանում ընտրություններն այնքան են կեղծվում, որ առանցքային ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել դրանց և դրա փոխարեն զանգվածային բողոքի ցույց են կազմակերպել մարտի 31-ին: Ցուցարարների պահանջների թվում է եղել ազատ արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալներին»,- գրում են հեղինակները:
Հոդվածագիրները նշում են, որ ալիևյան Ադրբեջանի մասին միջազգային հանրությունը մոռանում է, քանի որ Արևմուտքը տարված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով, բայց նրա վարչակազմը տարածաշրջանում ամենակոռումպացված և ավտորիտար վարչակազմերից մեկն է: Տարիներ շարունակ Միացյալ Նահանգներում հանրապետականների և դեմոկրատների իշխանության օրոք Ալիևը կարողացել է խուսափել որևէ պատասխանատվությունից: Ի տարբերություն Պուտինի Ռուսաստանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի Բելառուսի, որոնց դեմ մարդու իրավունքների ոտնահարումների համար պատժամիջոցներ են սահմանվել, Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգները և Եվրոպան նման քայլերի չեն դիմել: Դրա պատճառն այն է, որ Բաքուն նավթարտադրող կարևոր երկիր է և Աֆղանստանում ամերիկյան զորքերի համար մատակարարումների հյուսիսային ճանապարհի մի մաս:
Հեղինակների խոսքերով՝ «լուռ դիվանագիտության» քաղաքականությունը տապալվել է: Լռելու իր քաղաքականությամբ ամերիկյան կառավարությունը ոչ մի օգուտ չի տվել Ադրբեջանի ժողովրդին, ոչ էլ տարածաշրջանում ամերիկյան շահերին:
Արտահերթ նախագահական ընտրությունների հրավիրումը և ընդդիմության նկատմամբ գործադրված ճնշումները պետք է վերջին կաթիլը լինեն, գրում են հեղինակները:
Ի դեպ, չորեքշաբթի անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջատարն է։ Քվեաթերթիկների շուրջ 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը:










