Ավիաընկերությունների մեծ մասը դադարեցրել է Սիրիայի տարածքով թռիչքները՝ հնարավոր հրթիռային հարվածների ֆոնին
Սիրիայի տարածքի ուղղությամբ հնարավոր հարվածների ֆոնին խոշորագույն ավիաընկերությունները փոխել են իրենց երթուղիները, ինչի հետևանքով սովորաբար ծանրաբեռնված երթուղիները դատարկվել են, հայտնում է The New York Times-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հինգշաբթի Ավիափոխադրումների անվտանգության հարցերով եվրոպական գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 10-ից ավիաընկերություններին Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածները հաշվի առնելու առաջարկը խորհրդատվական բնույթ է կրել: Այնուամենայնիվ, խոշորագույն ավիաընկերությունները նախընտրել են չօգտագործել Սիրիայի տարածքով անցնող ճանապարհները:
Մասնավորապես՝ իրենց երթուղիներն են փոխել Air France-ը, Lufthansa-ն և EasyJet-ը: Քուվեյթի Kuwait Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Բեյրութ, իսկ հիմնական լիբանանյան ավիափոխադրող Middle East Airlines-ը հայտարարել է ժամանակացույցի փոփոխությունների մասին մինչև ապրիլի 13-ի երեկո:
Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը նախազգուշացրել է քաղաքացիական ավիացիայի օդաչուներին, որ ապրիլի 12-ից մայիսի 12-ը վտանգավոր է համարվելու Կիպրոսում բրիտանական ավիաբազայի և երկրի մայրաքաղաք Նիկոսիայի միջև տարածքը՝ այդտեղ բրիտանացի զինվորականների ակտիվության պատճառով:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Այս կերպ ԱՄՆ ղեկավարն արձագանքել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:










