«Սկզբում սիրիացի ժողովրդի վրա փորձարկեցին «արաբական գարունը», հետո՝ ԻՊ-ը, այժմ էլ ամերիկյան «խելացի» հրթիռները. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Սիրիային այս գիշեր ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կողմից հասցված հարվածներին։
«Սկզբում սիրիացի ժողովրդի վրա փորձարկեցին «արաբական գարունը», հետո՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը, այժմ էլ ամերիկյան «խելացի» հրթիռները։ Ինքնիշխան պետության մայրաքաղաքի ուղղությամբ, որը երկար տարիներ փորձում է գոյատևել ահաբեկչական ագրեսիայի պայմաններում, հարված է հասցվել։ Այս ամենի հետևում կանգնած են նրանք, ովքեր հավակնում են այս աշխարհում բարոյական առաջնորդության, հայտարարում իրենց բացառիկության մասին»,- գրել է Զախարովան իր ֆեսյբուքյան էջում։
«Իսկապես պետք է բացառիկ լինել, որպեսզի այն պահին, երբ Սիրիան խաղաղ ապագայի հնարավորություն է ստացել, գնդակոծել նրա մայրաքաղաքը»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն արդեն արձագանքել է տեղի ունեցածին ու հայտարարել, որ Սիրիային այս գիշեր հասցված հարվածներն անհետևանք չեն մնա, Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է։










