Կարեն Կարապետյանի հետ հանդիպել եմ, այդ մասին կա՛մ երեկոյան կխոսենք, կա՛մ հայտնի կդառնա. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացվում է)
15:57
Նախ ձեր ցավը տանեմ, երկրորդը՝ վերջին 24 ժամում ես եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ: Ինձ հնարավորություն եք տալիս ես երկու ժամով մեկուսանալ, գործընկերներիս հետ վերլուծել ինֆորմացիան, լուծեմ մեր մյուս ընկերների կալանքի տակ գտնվելու հարցը և ժամը 18:30-ին՝ այստեղ հաղթական հանրահավաք:
Ժողովուրդ, հետո չասեմ, պա՞րզ է, չէ՞, որ հաղթել ենք»,-ասաց Փաշինյանը:
Նա ասաց, որ ժողովրդի թույլտվությամբ ինքը գնում է գրասենյակ, 18:30-ին կհանդիպեն:
15:42
Երևանում ընթացող երթերից մեկին միացած խաղաղապահները երթից դուրս են եկել և հավաքվել Իսակովի արձանի մոտ։
Նրանք հայտարարում են. «Կանգնում ենք ազգի մեջքին, մենք հայության վահան ենք»։
15։22
Նիկոլ Փաշինյանը «Ազատության» լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ հանդիպել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
«Այո, նա եկավ իմ խուց, և ես հանդիպել եմ նրա հետ: Այսօր երեկոյան կա՛մ կխոսենք այդ մասին, կա՛մ հայտնի կդառնա»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե իր բոլոր պայմաններն ուժի մե՞ջ են, Փաշինյանն ասաց, որ առաջարկում է 1-2 ժամ դադար վերցնել և սպասել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները. «Հիմա բոլորին հրավիրում եմ Հրապարակ, որպեսզի այդ բոլոր հարցերի պատասխաները հրապարակային հնչեն»:
15։37
Նիկոլ Փաշինյանն այս պահին ցուցարարների հետ է և քայլում է Տիգրան Մեծի պողոտայով։ Բազմաթիվ ցուցարարներ են մոտենում նրան, ողջունում:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին որևէ ինֆորմացիայի չի տիրապետում, սակայն կա ցուցակ, որտեղ գրված են այս պահին անազատության մեջ գտնվողների անունները. «Բոլորին ազատ կարձակեն, ցուցակները կնայենք»:
Ցուցարարները շամպայն են բացում և խմում, իրենց բնութագրմամբ, առաջին հաղթանակի կենացը:
15։09
Ազատության մեջ են արդեն ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում կծանոթանա իրավիճակին, ինչից հետո կկայացնեն որոշումներ:
15։06
Ազատության մեջ են արդեն ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում կծանոթանա իրավիճակին ինչից հետո կկայացնեն որոշումներ:
15։00
Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Ձերբակալվածների պահման վայրից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչ կարգավիճակում է դուրս եկել Փաշինյանը և ի՞նչ որոշմամբ, Բաղդասարյանն ասաց, որ այս պահին դեռ ոչինչ հայտնել չի կարող. «Ավելի ուշ, բայց այս պահին Փաշինյանն այլևս Ձերբակալվածների պահման վայրում չէ, դրսում է»:
14։40
Լարված իրավիճակ է Նորագավիթի տարածքում, որտեղ մի խումբ սևազգեստ երիտասարդներ են հավաքված։
Նրանցից մեկը լրագրողներին ասաց. «Նիկոլ Փաշինյանն իրա կողմնակիցներն ունի, վարչապետը՝ իրա, հերիք ա, բոլ ա, կյանքներս կերաք»:
Նրանք փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս անցնել հատկապես այն քաղաքացիներին, որոնք ասում են, որ հանրահավաքի համար Երևան են մեկնում։
14։30
Երևանի տարբեր փողոցներում շարունակվում են բողոքի երթերը։
13։49
Երևան-Սևան մայրուղում իրավիճակը լարված է: Այնտեղ մարդիկ փակել են փողոցը:
Մի տղամարդ ասաց. «Հասկանում ենք, ժողովուրդ ջան, բայց եթե մենք ներկայանում ենք որպես հայրենասեր, տուրիստներն այս կողմով գնում են Դիլիջան, բաց թողեք այդ ավտոբուսները գնան, հասնեն»: Ի պատասխան մի կին բղավեց` թող տուրիստները տեսնեն, թե Հայաստանում ինչ է կատարվում:
Հիշեցնենք, որ մինչև այդ փակված էր Սևան-Գագարին հատվածը, որտեղ Սևանի քաղաքապետը մարդկանց ուղղակի խնդրում էր «չդիմել սադրանքների»:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ, մայրուղու վրա ազդանշանային համակարգը միացրել են անգամ բեռնատարները:
13:38
Ցուցարարները փակել են Երևանի Ռուբինյանց փողոցը։ Ոստիկանական երկու ավտոմեքենա, մոտենալով այդ հատվածին և տեսնելով, որ այն փակ է, հետ գնացին։
13:16
Գեղարքունիքում Երևան-Սևան մայրուղու Գագարինի հատվածը փակվել է, այնտեղ են Նիկոլ Փաշինյանի ծնողները: Այնտեղ հավաքված մարդկանց միացավ նաև Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
Նա մարդկանց համոզում էր հետ կանգնել. «Սևա՞ն եք գնում, Երևա՞ն, ես ձեզ հետ ոտքով գալիս եմ: Սևանի քաղաքապետն անընդհատ ասում էր` ժողովու’րդ, ձեր ցավը տանեմ, պրովոկացիա եք սարքում»:
Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանն էլ ասաց, որ որդու մասին բացարձակ տեղեկություն չունի: Նա տեղեկացրեց, որ մեքենայով ուղևորվում է Երևան: 
13:08
Ապրիլյան պատերազմի մասնակիցներին այդպես էլ թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ, և պատգամավորներից ոչ մեկը չհանդիպեց նրանց։ Այժմ նրանք երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Նրանցից Մանուել Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գնում են քաղաքի այլ հատվածներ, որտեղ լարված է իրավիճակը փորձելու են հանդարտեցնել։ 
12։40
Ապրիլյան պատերազմի մասնակիցներին թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ։ Պատգամավորներից ոչ մեկը դեռ դուրս չի եկել նրանց հանդիպելու։ Ապրիլյան պատերազմի մասնակիցների առջև երկրորդ շարք փշալարերը քաշեցին:
Բաղրամյան պողոտայում է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

12։01
Պատերազմի մասնակիցներն արդեն 30 րոպե սպասում են Բաղրամյան պողոտայում՝ մինչև պատգամավորներն արձագանքեն։
Կենտրոնի երթերից մեկին միացել են զինվորական համազգեստով մի քանի երիտասարդներ: Հարցին, թե արդյո՞ք զինվորականներ են, նրանցից մեկը պատասխանեց, որ եկել են զորամասերից մեկից։ Զինվորականները երգում են Հայաստանի օրհներգը:
11:50
Քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր Վանաձոր քաղաքում քաղաքացիները նույնպես դուրս են եկել փողոց։ Նրանք հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակում։ Տարածքում կան ոստիկաններ։ 
11:47
Ապրիլյան պատերազմի մասնակիցները երթով Բաղրամյան պողոտայով գնում են դեպի Ազգային ժողով` հանդիպելու պատգամավորների հետ։ Ոստիկանությունը փշալարերով փակել է Բաղրամյան փողոցը և թույլ չի տալիս հանդիպել պատգամավորների հետ։


11։30
Մայրաքաղաքի Հալաբյան փողոցում, որտեղ գտնվում է հանրապետության ամենախոշոր բուժկենտրոններից մեկը՝ «Արմենիա հանրապետական կենտրոնը», բուժաշխատողներ փակել են փողոցը և դրոշներով ու «մի-ա-ցում» վանկարկումներով քայլում են։
Բուժաշխատողները պահանջում են ազատ արձակել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և աջակցությունն են հայտնում այս օրերին փողոցներում գտնվող երիտասարդությանը:

11:10
Ազատության հրապարակից մեկնարկում է ապրիլյան պատերազմի մասնակիցների երթը: Երթին մասնակցում են ինչպես քառօրյայի մասնակիցներ, այնպես էլ արցախյան պատերազմի վետերաններ և ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներ։
10:49
Քիչ առաջ ուսանողներին մոտեցավ ոստիկանը, ում ուսանողներից մեկը հայտարարարեց՝ մենք Ձեզ տեղեկացնում ենք, որ խաղաղ երթ ենք անում: Սակայն ոստիկանը պահանջեց, որ դուրս գան փողոցից՝ երթևեկության կարգավորման համար: Սրանից հետո հնչեցին վանկարկումներ՝ «ոստիկանը մեր-նա»:
Քիչ հետո ուսանողները սկսեցին վանկարկել՝ «Նի-կոլ, Նի-կոլ», ապա՝ «մի-ա-ցեք»: Այժմ ուսանողներն անցնում են Սայաթ-Նովա փողոցով:
10:46
Երևանի պետական համալսարանի ուսանողներին են միացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և այլ ուսհաստատությունների ուսանողներ։
Տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից միացումները ընդունվում են «մի-ա-ցում» բացականչություններով: Այժմ ուսանողներն իջնում են Աբովյան փողոցով:





10:27
Երևանի պետական համալսարանի մոտ ուսանողները, դասադուլին զուգահեռ, նստացույց էին հայտարարել: Սակայն քիչ անց հայտարվեց, որ նստացույցը փոխարինում են քայլերթով՝ ազատ, անկախ ուսանող կարգախոսով:
Նշենք, որ ուսանողների երթն առաջ տանելու պատասխանատվությունը վերցրել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի զինղեկը, (որը չներկայացավ) որը դրոշով ուսանողներին առաջնորդնեց:
Ինչպես պատմեցին ուսանողները, դասադուլին միացել են նաև որոշ դասախոսներ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր ՀՀ–ում ցույցեր են ընթանում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Երեկ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե տևած զրույցից հետո ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել էր դեպի Էրեբունի` բողոքի ակցիաները շարունակելու համար։ Սակայն ճանապարհին ոստիկանության հետ բախում էր տեղի ունեցել, ինչից հետո ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են։
Հանրապետության հրապարակում երեկ հանրահավաքը կայացել է առանց կազմակերպիչների։

















