Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել միջուկային փորձարկումների համար. լրատվամիջոցներ
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով: Դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին, որը տեղի է ունեցել սահմանային Պհանմունջոմ բնակավայրում:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հարավկորեական աղբյուրներին հղումով, Կիմ Չեն Ընը հարավկորեացի գործընկերոջից ներողություն է խնդրել նախորդ տարի իրականացված միջուկային փորձարկումների համար: Կիմ Չեն Ընը մասնավորապես ասել է, որ ներողություն է խնդրում Մուն Չժե Ինից այդ փորձարկումներից առաջացած աղմուկի պատճառով նախագահի քունը խանգարելու համար:
«Մենք այլևս երբեք չենք խանգարի Ձեր քունը»,-խոստացել է Կիմ Չեն Ընը՝ ակնարկելով, որ Հյուսիսային Կորեան մտադիր է վերջ տալ վիճահարույց միջուկային ծրագրի զարգացմանը:
Իր խոսքում հյուսիսկորեացի առաջնորդն ասել է, որ Հարավային Կորեա է եկել երկու պետությունների միջև առճակատմանը վերջ տալու համար:
Բացի այդ, նա Մուն Չժե Ինին առաջարկել է հետայսու ավելի հաճախ հանդիպել ու ջանք չխնայել Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար:
Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:










