ԱՄՆ-ը դուրս է գալիս իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից. Իրանն ու մյուս երկրներն արձագանքել են

23:20 • 08.05.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:

«Այսօր հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու իրանական միջուկային գործարքից», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թրամփը՝ հավելելով, որ հուշագիր կստորագրի առ այն, որ նախկինում սառեցված պատժամիջոցները վերականգնվեն:

«Մենք տնտեսական պատժամիջոցներ կսահմանենք ամենաբարձր մակարդակով: Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենք ստանալու ձգտման հարցում, նույնպես կարող է խիստ պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ-ի կողմից», - հայտարարել է Թրամփը: Վերոնշյալ հուշագիրը նա ստորագրվել է ելույթից անմիջապես հետո:

Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:

«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ համաձայնագիրը գործում է Իրանի և հինգ երկրի միջև»,- ասել է Ռոհանին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, Twitter-ում հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար: