Քաղաքապետին եք քննադատում, բա որ հրաժարական տա ու գնա, ո՞ւմ եք գտնելու. Սամվել Բալասանյան

12:24 • 17.05.18

Հարգելի գյումրեցիներ, պետք է ունենամ վստահություն, եթե չունեմ վստահություն, հանրային աջակցություն, ուրեմն՝ իրավունք չունեմ աշխատելու, հավատացեք՝ ես կառչած չեմ պաշտոնից:  Գյումրու ավագանու նիստում իր ելույթն այսպես սկսեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա հիշեցրեց, որ ինքը քաղաքական գործիչ է, իսկ քաղաքապետ առաջադրվելու ժամանակ երբեք գումարով ձայն չի գնել:


«Իմ ամբողջ կյանքում լավություն եմ արել ինձ ընտրողներին, արել եմ ամեն ինչ , անելու եմ ամեն ինչ, և կապ չունի քաղաքապետ եմ, թե ոչ: Բայց ես մեղավոր չեմ, ոչ էլ էս տղերքը, որոնց դուք մեղադրում եք, մեր ավագանիները կամ որևէ մեկը: Ուրեմն՝ մեկը հրեշտակի պես պսակը գլխին իջավ «Ասպարեզ» ակումբ ու սկսեց խոսել, և ափսոս է, որ «Ասպարեզ» ակումբում նման մարդուն ընդունում են: Խոսեց լրատվության առջև, որ ինքն արդեն եկել է, Գերմանիայում էր»,- ասաց նա:


Բալասանյանը շեշտեց՝ սա կրկես չէ, սա քաղաքականություն է: Ըստ նրա՝ պարզապես հարկավոր է ընտրությունների ժամանակ թեկնածություն դնել, որ լինի մրցակցություն:


«Տարեկան 1.8 մլրդ բյուջեին փող ենք տալիս, առաջին տեղն ենք ամեն ինչով: Ես լավ որդիներ ունեմ, որոնք աշխատում են, ինչի՞ եք քննադատում, ես էդքան վա՞տ մարդ եմ, որ իմ անունն այդքան վատ եք տալիս: Գիշեր-ցերեկ ձեզ համար աշխատում ենք, վա՞տն եմ, ծառայողական մեքենա չունեմ, նույնիսկ բենզին չեմ լցնում, աշխատավարձ չեմ ստանում, դրա համար էլ հատուկ հիմնադրամ ստեղծեցի, ինչ է,  դրա համար է՞լ եք քննադատում: 8 մլն եվրո դրամաշնորհ իմ շնորհիվ մտավ քաղաք, ո՞վ կտար, 4 միջազգային ծրագիր ենք իրականացնում, բա սրանից հետո կարելի՞ է քննադատել ու վարկաբեկել: Ամրոցը սարքեցի ձեզ համար, որը բաց է, քաղաքապետին քննադատում եք, բա որ հրաժարական տա ու գնա, ո՞ւմ եք գտնելու՝ Բդոյի՞ն, Մդոյի՞ն»,- հարցադրում արեց Սամվել Բալասանյանը:


Գյումրու քաղաքապետը շեշտեց, որ իրենց քաղաքապետարանում կաշառքը բացառված է, մանկապարտեզներում բացառված է, ավելին՝ կրիմինալն է հանվել քաղաքացից. «Կրիմինալը մտցրինք ծակերը, բայց հետո նորից-նորից բաց թողեցին, ինչի՞: Այ, սրա համար պայքարեք, հանիրավի տեղը մի քննադատեք, դուք նման քաղաքապետ չեք էլ գտնելու, մի այդպես արեք: Ինձ, որ կանչեն, ասեն հրաժարական տուր, մենակ ուրախ կլինեմ, բայց կափսոսեմ Գյումրին ու ծրագրերը, որ իրականացնում եմ»,- շարունակեց Սամվել Բալասանյանը:


Վերջինս հիշեցրեց, որ 40 կմ ճանապարհ է կառուցում, «Թումո» կենտրոն է բացում, «Շիրակ» հյուրանոց է բացում, հրապարակ է կառուցում: