1 շաբաթում բոլոր մարզպետները կփոխվեն, այն քաղաքական ուժերը, ովքեր ներգրավված են Կառավարության մեջ, կունենան նաև մարզպետներ. ՏԿԶ նախարար (տեսանյութ)

18:52 • 23.05.18

Մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մարզպետները կփոխվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:

«Բնականաբար քննարկումներ կան, բայց քանի որ դրանք դեռ առարկայական չեն, չեմ կարող անդրադառնալ նրան, թե որ մարզերի հետ կապված ինչ թեկնածուներ ունենք, կարող եմ ասել, որ այո, առաջիկայում բոլոր մարզպետները կփոխվեն: Այն քաղաքական ուժերը, ովքեր ներգրավված են կառավարության մեջ, կունենան նաև մարզպետներ»,-շեշտեց Սուրեն Պապիկյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կան քաղաքական ուժեր, որոնք «մենաշնորհել են» որոշ մարզերում մարզպետի պորտֆելները, և մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է Արագածոտնի և Շիրակի մարզերում մարզպետ ունենալու հարցում Դաշնակցության մենաշնորհին, Սուրեն Պապիկյանն ասաց. «Կարծում եմ՝ Հայաստանում այլևս մենաշնորհներ պիտի չլինեն, ասել, թե որևէ մարզ ամրագրված է որևէ կուսակցության՝ ես դրա հետ համաձայն չեմ։ Կախված նպատակահարմարությունից և համաձայնությունից՝ թեկնածուներին կորոշի վարչապետը, որովհետև թեկնածուներին կառավարությանն առաջարկելու է վարչապետը: Եթե ես հնչեցնեմ անուններ և կարծիք հայտնեմ, դա կլինի իմ անձնական կարծիքը, որովհետև որոշում՝ որպես այդպիսին, չունենք»,-շեշտեց նա:

Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ մարզպետարաններում խնդիրները շատ են, բողոքները դրանց վերաբերյալ՝ բազմաթիվ, այդ հարցերին խորամուխ կարող են լինել նոր մարզպետների նշանակումից հետո: Նա մանրամասնեց, որ բողոքները կրթական ոլորտի հետ են կապված, ֆինանսական չարաշահումների: Նախարարը շեշտեց՝ եթե կոնկրետ, հասցեական բողոք է լինում, փորձում են լուծումներ գտնել:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ ներկա մարզպետները չեն ըմբոստանում, նրանց հետ շփվում է տեսազանգի միջոցով:

«Ի պաշտոնե նրանք պարտավոր են ինձ զեկուցել ու լսել այն ամենը, ինչ կառավարությունը փոխանցում է, ես նաև միջնորդի դեր եմ կատարում կառավարության և իրենց միջև, այնպես , որ խնդիր չեմ ունեցել: Այս պահի դրությամբ որևէ մարզպետ չի ըմբոստացել, արհեստական խնդիրներ չի հարուցել»,- նկատեց նախարարը:

Անդրադառնալով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթին՝ Սուրեն Պապիկյանն ասաց. «Մտահոգությունների շրջանակը պարզ է, մարդիկ հայտնում են, որ ազգային արխիվում իրենց համար արհեստական խոչընդոտներ են հարուցվում, դժգոհ են գնագոյացման համակարգից: Ես երեկ զրուցել եմ ազգային արխիվի տնօրենի հետ, պարոն Վիրաբյանն ասաց, որ եղել են մի քանի դժգոհություններ, որոնց հետ կապված եղել են օրենսդրական խնդիրներ: Պարզապես իմ ասելիքը եղել է հետևյալը՝ ՀՀ քաղաքացու համար փակ դռներ չպետք է լինեն, այսինքն`արխիվային նյութը պետք է բոլորին հասանելի լինի։ Պարոն Վիրաբյանը դա ընդունել է ի գիտունություն, և ես հիմա հայտարարում եմ, որ Ազգային արխիվի դռներն այդ օրվանից բաց են, ոչ մեկի համար խոչընդոտ չի կարող հարուցվել»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։