Հս. Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել ցանկացած պահի, ցանկացած ձևաչափով. հյուսիսկորեական կողմն արձագանքել է Թրամփի որոշմանը

09:59 • 25.05.18

Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած ձևաչափով Միացյալ Նահանգների հետ բանակցություններ անցկացնել, որոնք միակողմանի կարգով մայիսի 24-ին չեղարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարի տեղակալ Կիմ Կե Հվանը:

«Մենք ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու ու ցանկացած ժամանակ ցանկացած ձևաչափով հարցերը լուծելու պատրաստակամություն ենք հայտնում»,-ասել է պաշտոնյան:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցություններն անհրաժեշտ են բարդ հարաբերությունների կարգավորման համար:

Կիմ Կե Հվանն իր խոսքում նշել է, որ Փհենյանն առաջվա պես հետաքրքրված է բանակցային գործընթացով՝ չնայած, որ Վաշինգտոնը չեղարկել է այն: Դիվանագետը հայտարարել է, որ Թրամփի որոշումը հակասում է միջազգային հանրության ցանկություններին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայանալիք պատմական հանդիպումը: Կիմ Չեն Ընին ուղղված նամակում Թրամփն ընդգծել է, որ տվյալ որոշումը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից ցուցաբերված «ահռելի կատաղությամբ ու ակնհայտ թշնամանքով»:

Սպիտակ տունը, մեկնաբանելով հանդիպման չեղարկումը, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները չեն արձագանքել ամերիկյան կողմի՝ իրենց հետ կապվելու բազմաթիվ փորձերին: Բացի այդՙ հյուսիսկորեական պատվիրակությունը նախորդ շաբաթ չի մեկնել Սինգապուր, որտեղ պետք է հանդիպեր ամերիկացի գործընկերներին ու քննարկեր կայանալիք հանդիպման մանրամասները:

Բացի այդ, Սպիտակ տանը դժգոհ են մնացել այն փաստից՝ ինչպես է Հյուսիսային Կորեան ապամոնտաժել Փհունգերիի միջուկային պոլիգոնը: Վաշինգտոնը գտնում է, որ հանքերը պայթեցվել են այնպիսի ձևով, որ հետագայում դրանք նորից հնարավոր է օգտագործել: Մինչդեռ Փհենյանը չի համաձայնել այդ տեսակետի հետ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Հյուսիսային Կորեայի դեմ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կխնդրի մյուս պետություններին ևս պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ:

Մինչդեռ Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ափսոսանք է հայտնել Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման չեղարկման կապակցությամբ: