Գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» ԱԻՆ-ին փոխանցելու հարց չի քննարկվել

22:19 • 29.05.18

Տեղեկությունը, որ գազի ներտնային սպասարկման վճարները փոխանցվելու են Արտակարգ իրավիճակների նախարարությանը, իրականությանը չի համապատասխանում, նման հարց չի քննարկվել. այս մասին հայտնեցին ինչպես ԱԻՆ լրատվական ծառայությունից, այնպես էլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
 
Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը  գրել էր,  որ գազի ներտնային սպասարկման համար վճարները հավաքելու գործառույթը «Գազպրոմ Արմենիայից» փոխանցվում են ԱԻՆ-ին:
 
«Տեղեկությունը չենք մեկնաբանի, միայն ասեմ, որ նման հարց չի քննարկվում»,- Tert.am –ին հայտնեցին ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:

Ինչպես հավելեցին ընկերությունից, 2018 -ի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունն ունեցել է համակարգին միացված (այսինքն՝ բաժանորդ են, բայց հնարավոր է՝ գազ չեն սպառում Հայաստանում չլինելու և այլ պատճառներով)  692 հազար 382 բաժանորդ:

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի 1 կետի համար   գազի ներտնային սպասարկման արժեքը տարեկան 2270 դրամ է, 2 կետի համար՝ (գազօջախ, գազայրիչ և այլն) 4540 դրամ, իսկ 3 և ավելի կետերի համար՝ 6810 դրամ:

Նշենք, որ գազի ընդհանուր բաժանորդների թիվը՝ 692 հազար 382, ամենացածր վարձավճարով բազմապատկելու դեպքում ստացվում է 1 մլրդ. 571 մլն. 707 հազար 1440 դրամ, երկու կետի դեպքում ստացվում է 3 միլիարդ 134 միլիոն 334 հազար 280 դրամ, իսկ 3 և ավելի կետերի դեպքում՝ 4 միլիարդ 701 միլիոն 501 հազար 420 դրամ: