Հարվի Վայնշտեյնին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել

12:50 • 31.05.18

Մանհեթենի դատարանի մեծ ժյուրին բռնաբարության մեղադրանք է ներկայացրել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Այս մասին հայտնում է NBC-ն:

«Այս մեղադրական եզրակացությունը մի քայլով մոտեցնում է ամբաստանյալին հանցագործությունների համար պատասխանատվությանը, որոնց համար նա մեղադրվում է», - ասել է Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը:

Վայնշտեյնի փաստաբան Բենջամին Բրաֆմանի խոսքով՝ պրոդյուսերը չի ընդունում իր մեղքը և մեղադրական եզրակացությունը մերժելու մասին միջնորդություն կներկայացնի:

«Եթե այս գործը հասնի դատավարության, մենք կակնկալենք պարոն Վայնշտեյնի արդարացումը», - ասել է Բրաֆմանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել էր՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։