700 000 դրամի կոնյակները գնվել են ԳԱԱ արտաբյուջետային միջոցներով. ԳԱԱ գործերի կառավարիչ

11:15 • 31.05.18

Գիտությունների ազգային ակադեմիայում կոնյակներ, թանկարժեք նվերներ և այլն, գնվում են արտաբյուջետային միջոցներով: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԳԱԱ գործերի կառավարիչ Գարեգին Սնգրյանը:

«Հիմա չեմ կարող ասել՝ հստակ ինչ ծախսեր են արվել: Ամեն դեպքում, եթե նման ծախսեր են լինում, դա լինում է բարձրաստիճան հյուրերի համար և ոչ բյուջետային գումարներով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Գիտությունների ազգային ակադեմի­ան մայիսի 22-ին գնել է 700 հազար դրամի 10 հատ կոնյակ: Ըստ որում՝ 1 հատ «Էրեբունի 30» 0.7լ կոն­յակ գնվել է 240 հազար դրամով, 2 հատ «Դվին կոլեկցիոն» կոնյակ՝ ընդհանուր 90 հազար դրամով, 6 հատ «Նաիրի» կոնյակ՝ 236 հազար 556 դրամով և մեկ հատ «Արարատ» կոնյակ՝ 89 հազար դրամով: «Բացի այս, Գիտությունների ակադեմիայի կոնյակասերները գնել են նաև տուփ՝ 37 հազար դրամով: Այսքան հուշանվերի համար գիտությունների ազգային ակադեմիան պետական միջոցներից ծախ­սել է մոտ 700 հազար դրամ»,-գրել է թերթը:

Գարեգին Սնգրյանը նշեց, որ ԳԱԱ արտաբյուջետային գումարները գոյանում են վարձակալությունների և այլ միջոցների հաշվին:

Tert.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից, ով հայտնեց, թե նստում է ինքնաթիռ ու կպատասխանի Հայաստան վերադառնալուց հետո: