207 հազար քաղաքացու աշխատավարձը կբարձրացվի փաստացի 5000 դրամով, իսկ 80 հազարը պոտենցիալ բեռի կեսը կզգա. վարչապետ
Ժամանակավոր, համաձայնության կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նա նշեց, որ նախագծով առաջարկվող տարբերակով՝ 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ՝ 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն՝ անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս որոշմամբ թեև որոշակի բեռ ենթադրվում է ունենալ, բայց դրանք դա հաղթահարելի են համարում: «Այսինքն՝ խոշոր հաշվով մենք տեսնում ենք, որ ճեղք չի լինի բյուջեում»,-պարզաբանեց նախարարը:
Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սա կառավարության առաջիկա ամենակարևոր մարտահրավերներից մեկը համարեց: «Այն իր պատմությունն ունի, և մեր վերաբերմունքը ևս ունի իր պատմությունը»,-ասաց նա:
Վարչապետը պարզաբանեց, որ համակարգում այսօրվա դրությամբ 280 հազար շահառուներից երկու հարյուր հազարն է ընդգրկված, և եթե որևէ գործողություն չձեռնարկվի, ապա կարգավորումը հուլիսի մեկից ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի:
Վարչապետն ասաց, որ հաշվի առնելով հանգամանքները՝ մի քանի ընտրության հնարավորություն ունեին: «Առաջինը՝ընդհանրապես չեղյալ համարել օրենքը, բայց հասկացանք, որ չենք կարող գնալ այդ ճանապարհով, որովհետ արդեն 120 միլիարդ տեղաբաշված է, որից 70 տոկոսը՝ Հայաստանում, և չեղյալ համարելու դեպքում այդքան գումար տնտեսությունից դուրս կգար: Այսօրվա կառավարիչներն ունեն հսկայական հեղինակություն, և դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը և հետո համոզել մարդկանց, որ երկիրը փոխվել է, եկեք՝ ներդրումներ անելու»,-նշեց նա:
Հաջորդ հնարավորությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետաձգելն էր այս կարգավորումը: Նա նշեց, որ թեև դա պարզ լուծում է թվում, բայց 200 հազար քաքաղաքացիները շատ պարզ հարց էին դնում, որ իրենք 2014 թվականից սկսած վճարում են կատարում:
«Հետաձգման պարագայում շարունակելու են այդ քաղաքացիները վճարել, և այստեղ անարդարություն էր տեղի ունենալու»,-ասաց նա:
Այսպիսով, վարչապետն ամփոփեց, որ նախկինում 10 տոկոսից 5-ը շահառուն էր վճարում, 5-ը՝ պետությունը, իսկ նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 պետությունը:
«Այս կարգավորման արդյունքում, ավելի կոնկրետ այն քաղաքացիներն, ովքեր ավելի վճարել են 2018 թվականի հուլիսի մեկից, կզգան թեթևացում իրենց վրա. միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5000 դրամ ավելի պակաս կվճարի, քան նախկինում: Այսինքն՝ ստացվում է, որ փաստացի 5000 դրամով այդ քաղաքացիների աշխատավարձը կբարձրացվի: Իսկ 80 հազար քաղաքացիներն այդ պոտենցիալ բեռի կեսը կզգան, որը ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա ժամանակավոր կարգավորում է, ապա նշեց, որ կարծում է, թե հանրությունը ընբռնումով կմոտենա: Նա նկատեց, որ նախկինում վստահության պրոբլեմն է առաջ քաշվել, և քանի որ այսօր չունեն վստահության հարց, կարող են այս քայլը թույլ տալ:
«Սա այն լուծոմն է ,որ բխում է պետության, քաղաքացու երկարարաժամկետ շահերից: Կարծում եմ, որ 207 հազար քաղաքացիները գոհ կմնան, և 80 հազար քաղաքացիները ըմբռնումով կմոտենան»,-ասաց նա և կարևորեց այն, որ տնտեսական ցնցումներից պետք է խուսափել:










