«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման համար ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի նվազման վերաբերյալ փաստեր պետք է ներկայացվեն. Դ. Իոաննիսյան
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհուրդը Հայաստանում ծրագիր իրականացնելու համար համապատասխան որոշում կկայացնի: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Խորհրդի նիստերը դեկտեմբերին են: Որոշման հիմքում ոչ այնքան քաղաքական ցանկությունն է, որքան տեխնիկական պատկերը: Հաշվի են առնվում այն ցուցանիշները, թե ինչքանով է երկիրը համապատասխանում միջազգային չափանիշներին: Այս տեսանկյունից մենք խնդիր ունենք կոռուպցիայի մակարդակի առումով: Մենք վատ ցուցանիշներ ունենք ամրագրված»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Համաշխարհային բանկում, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշները թարմացվում են բավական ուշ, իսկ դրանք մեծ ազդեցություն ունեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն իրականացնելու համար:
Ըստ նրա՝ եթե Հայաստանի իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը ծանրակշիռ փաստեր ներկայացնեն, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, կոռուպցիայի մակարդակն արմատապես նվազել է, հնարավորություն կա շարունակել ծրագիրը:
«Տարվող պայքարը, բացահայտումները պետք է արտահայտվեն ֆորմալ փաստաթղթերում, միջազգային համապատասխան հեղինակավոր կառույցների զեկույցներում, եզրակացություններում: Սա է խնդիրը»,- ասաց նա:










