Աթենքը և Սկոպյեն Մակեդոնիայի նոր անվանման մասին համաձայնագիր են ստորագրել
Հունաստանի և Մակեդոնիայի արտգործնախարարներ Նիկոս Կոձիասը և Նիկոլա Դիմիտրովը կիրակի համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր պաշտոնական անվանման մասին, հայտնում է Reuters գործակալությունը:
Ստորագրման արարողությունը կայացել է երկրների սահմանին՝ Պրեսպա լճի մոտ, երկու պետությունների վարչապետների, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ:
Համաձայնագիրը թույլ է տալիս վերջ դնել Աթենքի և Սկոպյեի միջև բազմամյա վեճին: Պայմանավորվածության համաձայն՝ երկրի ներկայիս «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան փոխարեն նոր պաշտոնական անունն է լինելու «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»: Այդկերպ կհաջողվի խուսափել Հունաստանի Մակեդոնիա շրջանի հետ շփոթմունքից:
Համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի Մակեդոնիայի և Հունաստանի խորհրդարանների կողմից և պետք է դրվի Մակեդոնիայում հանրաքվեի:










