ԵԿՄ-ն նոր նախագահ չպետք է ունենա, միանձնյա որոշումներ չպետք է լինեն, խորհուրդը պետք է ղեկավարի. ազատամարտիկներ

16:18 • 24.06.18

Tert.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երկրապահ կամավորական միությունում այսօր վարչություն նիստ կիրականացնի, որին կմասնակցեն ոչ միայն վարչության անդամները, այլև ազատամարտիկները:

Վարչության անդամների նիստը շարունակվում է, սակայն ազատամարտիկները լքեցին դահլիճը: Նրանք, խոսելով լրագրողների հետ, նախ չհամաձայնեցին այն տեսակետի հետ, թե երկրապահը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործողություններով վարկաբեկվել է: «Երկրապահը ոնց կարա վարկաբեկվի, երկրապահը ես ու դու ենք, երկրապահ նշանակում է երկիր պահող: Մի մարդը չէ երկրապահ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, նախկին հրամանատար Գագիկ Վարդումյանը:

ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, նույնպես լքեց նիստը: Նա կարծում է, որ կազմկոմիտե պետք է ստեղծվի, որը կստեղծի նոր ԵԿՄ վարչություն:

«Սրանից հետո նոր կորոշենք նախագահ ընտրենք, թե ԵԿՄ-ն խորհուրդը ղեկավարի ԵԿՄ-ն»,- ասաց նա:

Ազատամարտիկների առաջարկն այն է, որ այլևս ԵԿՄ-ն նախագահ չունենա, փոխարենը լինի խորհուրդ, որը կղեկավարին, իսկ խորհրդի կազմի մեջ ընդգրկված կլինեն բոլոր մարզերից ներկայացուցիչները:

«Հիմա ստեղծելու են հանձնաժողովներ, աշխատանքներ կատարեն և արտահերթ համագումար անեն: Ոչ մեկին երկրապահի նախագահ չեմ տեսնում, առաջարկություն արդեն արել եմ ու պահելու եմ առաջարկս, այսինքն՝ կարծում եմ, որ ԵԿՄ-ն նոր նախագահ չպետք է ունենա, միանձնյա որոշումներ չպետք է լինեն, խորհուրդը պետք է ղեկավարի»,- նշեց ազատամարտիկ, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

Ապարանի ԵԿՄ նախագահի տեղակալ Աբրահամ Քամալյանն էլ, համաձայնելով ընկերների հետ, հավելեց, որ դեմ է միանձնյա կառավարմանը:

«Էսօրվա դրությամբ մարդիկ նորից ուզում են դառնալ ղեկավարներ, բայց իրենց չի հաջողվի: Ով պատերազմի միջով է անցել, էդ տղերքն են լինելու ղեկավարներ: Սայադին, Ջերմուկի Համոյին, Ռոստամին, էլի տղերք կան, որ ամեն տեղից կարելի է ընտրել, որպեսզի ամեն մեկն իր ռայոնին տիրություն անի, ոչ թե միանձնյա լինի: Էնքան վիրավորներ կան, որ սաղն էլ նեղության մեջ են, ոչ մեկին օգնություն չի եղել»,- ասաց Ապարանի ԵԿՄ նախագահի տեղակալ:

Վերջինս գտնում է, որ վարչության նոր անդամներ պետք է լինեն պատերազմում իրական կռիվ տված տղաները. «Հիմիկվանից մենակ 2 հոգու եմ տեսել, մնացածին կասկածում եմ, քանի որ չեմ տեսել: Կարող ա տեսել եմ, բայց ոչ ընդեղ, ոնց որ Մանվել Գրիգորյանը Սամոյին տվեցի գնդապետ, թե Շահումյանում կռվել ա եղել, բայց 9 ամիս Շահումյանում են եղել ու Սամո չեմ տեսել»,- ընդգծեց Աբրահամ Քամալյանը:

Նշենք, որ ԵԿՄ վարչության նիստը շարունակվում է: