Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ զորահանդես է անցկացվել (լուսանկարներ)
Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ զորահանդես է անցկացվել, գրում է minval.az-ը:
Զորահանդեսին ներկա է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև ներկայացուցիչներ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Բահրեյնից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ՌԴ-ից, Սաուդյան Արաբիայից և Ուկրաինայից:
Զորահանդեսին մասնակցել է Պաշտպանության, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական անվտանգության ծառայության, Պետական սահմանապահ ծառայության և Պետական պահպանության հատուկ ծառայության, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի զորահանդեսային կազմի մոտ 4000 զինծառայող:
Ռազմական շքերթին ներկայացվել է ավելի քան 240 միավոր ռազմական տեխնիկա, ավելի քան 70 թռչող սարք, այդ թվում՝ վերջերս ձեռքբերված նոր սպառազինության ու տեխնիկայի տեսակներ՝ զրահապատ տեխնիկա, հրթիռային և հրետանային կայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր:
Զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվել են վերջերս ադրբեջանական բանակի կողմից ձեռքբերված ամերիկյան Bell-412 ուղղաթիռները: Թռիչքներ են իրականացրել Ми-24, Ми-24G ուղղաթիռները, հարվածային Ми-35M, ռազմատրանսպորտային Ми-17, Ка-32, МИГ-29, Су-25 կործանիչներ, ինչպես նաև ուսումնա-մարտական L-39 ինքնաթիռներ:
Ցուցադրվել են նաև Բելառուսից ձեռքբերված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչպես նաև իսրայելական արտադրության Lora օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:
Ցուցադրվել են նաև ORBITER, HERON, HERMES, HAROP անօդաչու թռչող սարքերը, «Գրադներ», «Սմերչ» ռեակտիվ համակարգեր:
Իլհամ Ալիևը զորահանդեսի ժամանակ ելույթ է ունեցել ու հայտարարել, որ «Հայաստանը չի կարող և չի կարողանա մեզ հետ մրցակցել»: Նա նշել է նաև, որ «Հայաստանը պետք է հասկանա, որ չկա այնպիսի ռազմական և ռազմավարական օբյեկտ, որը չկարողանա ոչնչացնել ադրբեջանական բանակը»:

























