Պաշտոնյաների լուսաբանման հարցը լուրջ է. լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկվում են ԸՕ բարեփոխման վերաբերյալ հարցեր

16:33 • 05.07.18

 Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում է տեղի ունենում լրատվամիջոցների ներկայացուցիչնեի հետ:

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նախ նշեց, որ քննարկվում է լրագրողների ընտրատեղամասում գտնվելու հարցը, քարոզչության մասին կարգավորումները:

Լրացուցիչ բեռ է նախատեսվում դնել հանրային հեռուստաընկերության, գուցե նաև հանրային ռադիոյի վրա և ավելացնել կուսակցությունների անվճար եթերաժամի քանակը: «Մեր նպատակը ընտրությունը քաղաքականություն վերադարձնելն է և մրցապայքարը դարձնել ծրագերի մրցակցություն, ոչ թե դրամապանակների»,-ասաց նա:

Հերքման ինստիտոտի վերաբերյալ նա ասաց, որ ժամկետնեըը բավականին երկար են, և մերժելու դեպքում դատական կարգով այդ հարցը տարիներ կարող է քննարկվել: «Այսինքն՝ սա փչացող իրավունք  է»,-ասաց նա և նշեց, որ հարցն այն է, թե ինչպես անել, որ այդ մեխանիզմը գործի, և ըստ նրա՝ խիստ ժամկետներ պետք է դրվեն:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը եթեր տրամադրելու հավասարության հարցը նաև բարձրացրեց և նշեց, որ կուսակցություն կա, որ ոչինչ չի անում, և միայն րոպեները լրացնելու համար եթեր է տրամադրվում, ինչից տուժում է բովանդակությունը: «Անհրաժեշտ է՝ մասնակից կուսակցություններին թեկուզ բարոյական պարտադրանք լինի, որ մասնակցեն բանավեճերին»,-ասաց նա և նկատեց, որ վերջին տարիներին թեկնածուները գրեթե չեն մասնակցում հեռուստաբանավեճերին:

Նաև հարց բարձրացվեց, թե արդյոք պաշտոնյային լուսաբանելը, որը նաև թեկնածու է, համարվում է քարոզչություն և հարց բարձրացրեց, թե օրինակ՝ հնարավորություն ունենալու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը, լայվեը լուսաբանելը, ինչպես այժմ:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս առումով ՀՌԱՀ-ը պետք է մշակի մեթոդաբանություն: «Պաշտոնյաների լուսաբանման հարցը լուրջ է»,-ասաց նա և նշեց, որ օրենսդրության ֆեյսբուքյան լայվերը չես կարգավորի:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ քննարկման առարկա է նաև լռության օրը, քանի որ 21-րդ դարում այն ավելի է  իմաստազրկվում:

Ինչ վերաբերում է դեբատներին, ապա նա ասաց, որ այդ հարցում ևս լոգիկա կա, և պետք է դեբատներից մեկը լինի պարտադիր ցուցակի առաջին համարների մասնակցությամբ, իսկ եթե չի մասնակցում առաջին համարը, ուրեմն ցուցակի ոչ մի ուրիշ համարի թեկնածու չպետք է մասնակցի: