Արցախում հնարավոր է Սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսվի. Վ. Աթանեսյան

21:54 • 08.07.18

Կարծում եմ Արցախում հասարակության սպասելիքները կոնկրետ այս պահի դրությամբ ավելին են, քան արվում են. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, միաժամանակ շեշտելով, որ հաշվի առնելով հանրային պահանջը, վերջին շրջանում կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները դրական է գնահատում:

«Հասարակությունն, ընդհանուր առմամբ, փոփոխություններ է ուզում, և կարելի է ենթադրել, որ դա նաև պայմանավորված է Հայաստանի իշխանափոխությամբ և ստեղծված իրավիճակով: Մարդիկ պարզապես մտածում են Արցախը Հայաստանից առանձին չէ,  և եթե Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, ապա այս փոփոխությունները պետք է շարունակություն ունենան նաև Արցախում: Տրամադրվածությունը սա է, ինչին, իհարկե, իշխանությունն արձագանքել է, մասնավորապես գործող նախագահը հայտարարեց, որ 2020 նախագահական ընտրություններին չի առաջադրվելու և մշակվեց փոփոխությունների ու  բարեփոխումների ուղեցույց: Ինչ-որ բան, իհարկե, արվում է, բայց կարծում եմ հասարակության ակնկալիքներն ավելի են»,-ասաց նա:

Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ այլ քաղաքական գործընթացներ ևս կարող են լինեն, որոնք առաջ կբերվեն ԱԺ ներկայացված կուսակցությունների կողմից:

ԼՂՀ նախկին պատգամավորը չի բացառում, որ Արցախում սկսվի Սահմանադրական բարեփոխումների գործընթաց:

«Իրադարձությունները պայմանավորված են նաև Սահմանադրության  անկատարելիությամբ,  որովհետև 2017թ-ին, երբ ընդունվում էր Սահմանադրությունը,  խոսվում էր կենտրոնաձիգ ուժի սահմանադրական կառավարման մասին, սակայն, կարծես թե, այսօր դրա անհրաժեշտությունն այլևս կամ չկա, կամ 2017թ-ին էին ինչ-որ տեղ չափազանցված  ներկայացնում իրավիճակը  և մարդիկ ավելի շատ ապակենտրոնացման կողմնակից են, քան կենտրոնացված ուժերի կառավարման»,-ասաց նա:  

Ըստ ԼՂՀ նախկին պատգամավորի՝ ցանկալի կլիներ, որ քննարկումները տեղափոխվեին նաև այդ հարթակ: «Կարծում եմ՝ անհրաժեշտ է նախապատրաստական փուլ սկսել, որ 2020 թ-ին նախագահական ընտրություններին Արցախը գնա փոփոխված Սահմանադրությամբ, փոփոխված օրենսդրությամբ, ավելի ապակենտրոնացված իշխանությամբ և ավելի  կայացված քաղաքական հասարակությամբ»,-ասաց նա:

Աթանեսյանը չի կարող ասել՝ նպատակահարմար կլինի վերադառնալ  կիսանախագահական համակարգին, թե, ընդհանրապես, ինչպես Հայաստանում է՝ անցում կատարել խորհրդարանական  համակարգի: «Ամեն դեպքում այս համակարգը նպաստում է իշխանության անձնավորմանը, ով էլ որ լինի նախագահի պաշտոնում, չի կարող չենթարկվել Սահմանադրության պահանջներին, այսինքն՝ ստեղծվել է այնպիսի  իրավական միջավայր, երբ ամբողջ գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին, ամբողջ պետական կառավարման  համակարգը ուղղակիորեն կառավարում է Հանրապետության  նախագահը, ընդ որում՝ չկա որևէ խորհրդարանական ուժեղ հակակշիռ: Նման դեպքերում, եթե ամբողջ իշխանությունը պատկանում է նախագահին, նախագահը  կախված է լինում պառլամենտից, ինչպես Միացյալ նահանգներում, բայց մեզ մոտ դա չկա, նախագահն է միանձնյա ձևավորում Կառավարություն, իսկ ԱԺ-ն կառավարության ծրագիրը չի քննարկում, Կառավարության գործունեությանը վստահության քվե չի տալիս և մի տեսակ ինչ-որ իրավական վակուումի  տպավորություն կա, որը ինչ-որ բանով պետք է լցվի»,-ասաց նա:

Վահրամ Աթանեսյանը նկատեց՝ ինքը չի ասում, որ պետք է անցում կատարվի խորհրդարանական կառավարման, թեև դա էլ տեսականորեն բացառել պետք չէ: «Ուղղակի խորհրդարանը պետք է օժտվի վերահսկողության, գործադիր իշխանությանը հակակշռելու այնպիսի փորձառությամբ, որը հասարակության համար տեսանելի կլինեն և  հասարակությունը ԱԺ-ի միջոցով կմասնակցի պետական կառավարմանը: Այսօր փաստացի ԱՀ ԱԺ-ն միայն օրենքներ է ընդունում և ոչ մի պետական կառավարման այլ լծակ չունի, քան  բյուջեի հաստատումը և բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատումը, իսկ դա հասարակությանը չի բավարարում: Հասկանալի է, որ հասարակության ներկայացուցիչները կցանկանան, որ իրենց ներկայացուցիչները պետական կառավարմանը մասնակցեին իրավական ավելի բարձր և գործնական կարգավիճակով»,-ասաց նա:

Աթանեսյանը չի կարող ասել, թե հարցի քննարկումներն ինչ մակարդակում են: Ես չգիտեմ՝ կան քննարկումներ, քաղաքական ուժերն արդյոք նման կոնսուլտացիաներ իրականացնում են, թե ոչ, ես ընդհանուր տպավորությունն եմ փոխանցում այնքանով, որքանով ես եմ իրավիճակը հասկանում»,-ասաց նա: