Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցները պահանջում են տնօրենի պաշտոնակատարի հրաժարականը, ԱՆ-ից նշում են՝ կա ներքին կարգուկանոն հաստատելու խնդիր
ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (Նուբարաշենի հոգեբուժարան) աշխատողները պահանջում են հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի հրաժարականը՝ ոչ մարդկային վերաբերմունքի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբուժարանի աշխատակից Մերուժան Գրիգորյանը և նշեց, որ աշխատակիցներն այս պահին հոգեբուժարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Նա նշեց, որ բողոքի ակցիան շարունակելու են մինչև Նարեկ Վանեսյանը հրաժարական չտա։
«Նա վատ է վերաբերում աշխատողներին, արհամարհական է խոսում նրանց հետ, վիրավորում է: Գիշերը հերթապահող աշխատողներն հանում է բաժանմունքից է, ասում է՝ քնել ես, չես քնել, ոնց որ ստորացնում է աշխատողներին, իշխում է: Աշխատողին չի գնահատում»,-ասաց աշխատակիցը և նշեց, որ գլխավոր բժշկի պաշտոնակատարը դնում է իր պահանջները և նշում՝ ով չի ցանկանում, թող չաշխատի: Նա նաև հայտնեց, որ Առողջապահության նախարարությունից դեռևս որևէ արձագանք չկա:
Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց Առողջապահության նախարարությունից. նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը նշեց, որ կան ներքին կարգ ու կանոն հաստատելու հարցեր:
«Նոր ղեկավարը փորձում է ժամանակին հաստատված ոչ կանոնադրական վիճակները փոխել, և աշխատողների մոտ տարընկալումներ են եղել իր նոր աշխատաոճի հետ կապված»,-ասաց նա:
Եղիազարյանը նշեց, որ նոր տնօրենը հանդիպել է բոլորի հետ, լսել է նրանց հարցերը և նշել, որ իր դուռը բաց է և պատրաստ է լսել բոլորին: «Բայց որ այդ հաստատության ներսում պետք է կարգուկանոն, աշխատանքային նոր որակ լինի, դա նոր ղեկավարի դիրքորոշումն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է աշխատակիցներին վիրավորելուն, անմարդկային վերաբերմունքին, ապա Լիանա Եղիազարյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչին են «անմարդկային վերաբերմունք» անուն տալիս, գուցե երբ ժամանակին առավել ոչ խիստ պայմաններում են աշխատել և հիմա իրենցից պահանջում են կարգուկանոնով աշխատել, դրա՞ն են անվանում, բայց նոր ղեկավարը հանդիպել է բոլորի հետ, լսել նրանց»,-ասաց նա:










