Ռուսական ռազմաբազան առանց զգուշացնելու ավելի քան 30 միավոր զինտեխնիկայով վարժանք է անցկացրել Փանիկում, բնակիչները վախեցել են. ծառայողական քննություն կսկսվի (տեսանյութ)
Երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզել են, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը:
«Սկզբից բնակիչները վախեցել էին, մինչև հասկացանք, թե ինչ է կատարվում: Ռուսական ռազմաբազայից մեզ հայտնեցին, թե ուսումնամարզական վարժանք են անցկացնում, սակայն այդ մասին մեզ ո՛չ տեղեկացրել են, ո՛չ զգուշացրել, ինչն էլ վրդովվեցրել էր համայնքի բնակիչներին»,-ասաց Մակեյանը:
Նա հայտնեց, որ բնակավայր են բերել զենք-զինամթերք, տանկեր, ինչի իրավունքը չունեն. «Տանկեր են բերել գյուղ ու մեզ չեն ասել, ո՛չ թույլտվության մասին ենք տեղյակ, ո՛չ որևէ փաստաթուղթ են ցույց տվել, ի՞նչ իմանաս, թե ինչ են իրականացնում»:
Նա հայտնեց, որ 30 միավորից ավելի տեխնիկա է բերել ու կանգնեցվել գյուղի բնակելի տների մոտ, և ասել են՝ նման հրաման ունեն. «Դիմել ենք ոստիկանություն, պատկան մարմինները զբաղվում են հարցով, որպեսզի մեզ պարզաբանում տան, իրենք էլ ներողություն խնդրեցին, թե էլ չի կրկնվի և հեռացան: Գյուղում կրքերը մի քիչ բորբոքվել են, երկխոսեցինք ու անցավ, կարողացանք խուսափել միջադեպերից»,-ասաց Մակեյանը:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ Փանիկում տեղի ունեցածի ուղղությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի:
Նշվում է, որ հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին:
«Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս-մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել: Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն խնդրեցին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է, և վստահեցնելով, որ մեղավորները պատասխան են տալու»,-նշել է Շիրակի մարզպետը՝ փաստելով, որ նույնիսկ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է նախատեսված նման միջոցառումների՝ վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:










