ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար պատասխանատու է Պուտինը. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հավատացած է, որ Ռուսաստանն իրոք միջամտել է 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և որ միջամտության համար պետք է պատասխանատվություն կրի իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը, քանի որ նա է Ռուսաստանի ղեկավարը: Այս մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Երբ լրագրող Ջեֆ Գլորն ԱՄՆ նախագահից հետաքրքրվել է, թե արդյոք Թրամփն անձամբ Պուտինին պատասխանատու կհամարի ենթադրյալ միջամտության համար, ԱՄՆ նախագահը դրական պատասխան է տվել:
«Այո՛, որովհետև նա է երկրի ղեկավարը: Դա նույնն է, ինչ ինձ պատասխանատու համարելն այս երկրում կատարվող իրադարձությունների համար: Ուստի՝ ակնհայտ է, որ որպես երկրի ղեկավար՝ նա պետք է պատասխանատու լինի»,-ասել է Թրամփը:
Նա նշել է, որ նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանն իրոք միջամտել է ընտրություններին:
Հանրապետականը հավելել է, որ Պուտինի հետ հելսինկյան հանդիպման ժամանակ նախազգուշացրել է ռուս պաշտոնակցին ապագայում որևէ միջամտություն չանել:
«Ես նրան ասացի, որ մենք դա չենք հանդուրժի, ու հենց այդպես էլ կլինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Սակայն ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, դեմոկրատ կոնգրեսականներն ու որոշ հանրապետականներ քննադատել են Թրամփի ասածը՝ նկատելով, որ նա դա պետք է ասեր ոչ թե հելսինկյան հանդիպումից մի քանի օր հետո, այլ հենց Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հրապարակավ քննադատելով ռուս պաշտոնակցին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության վերաբերյալ տարվող հետաքննության շրջանակում նոր մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքացու:
Սակայն Պուտինը Fox News-ին տված հարցազրույցում շեշտել է, որ իր երկիրը «երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին, այդ թվում՝ ընտրություններին»:
Միացյալ Նահանգների հետախուզությունը Կրեմլին մեղադրում է 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ ուղղված տեղեկություններ հրապարակելու ու հանրապետական Թրամփի հաղթանակին աջակցելու համար:










