«Ասանժը չի կարող հավերժ մնալ Լոնդոնում մեր դեսպանատանը». Էկվադորի ԱԳՆ

17:33 • 26.07.18

Էկվադորի արտգործնախարար Խոսե Վալենսիան հայտարարել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հիշեցնենք, որ նա թաքնվում է բրիտանական իշխանություններից Լոնդոնում Էկվադորի դեսպանտանը։ 

«Ապաստան տրամադրելու հարցը, որը համաձայնեցվել է ժամանակին, անհրաժեշտ է լուծել, քանի որ նա չի կարող մշտապես թաքստոցում մնալ: Սակայն դժվար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի նման որոշում կայացնելու համար»,- հայտարարել է Վալենսիան՝ պատասխանելով Էկվադորի կողմից հետագա ապաստանի համար Ասանժին մերժելու հնարավորության մասին հարցին:

Դիվանագետը կոչ է արել քննարկել խնդիրը միջազգային իրավունքի շրջանակում՝ երեք կողմերի հետ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության, Էկվադորի կառավարության և Ասանժի փաստաբանների:

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Դեսպանատան շենքից դուրս գալու դեպքում Ասանժին սպառնում է ԱՄՆ արտահանձնում և 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: