Միացյալ Նահանգները կարող է զրկվել դաշնակցից՝ ի դեմս Թուրքիայի. Էրդողան

13:38 • 29.07.18

Հակապետական գործունեության համար  ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնի գործով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման դեպքում ԱՄՆ–ը կարող է «զրկվել անկեղծ դաշնակցից»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը:

«Մենք կապված չենք ԱՄՆ-ին, նրանք չպետք է մոռանան, որ նման վերաբերմունքի շարունակվելու դեպքում նրանք կկորցնեն ուժեղ և անկեղծ դաշնակցի՝ ի դեմս Թուրքիայի»,- ասել է երկրի ղեկավարը:

Նա հավելել է, որ ամերիկացի քահանայի արտահանձնումը չի քննարկվում: Ինչպես հայտնում է Haberturk թերթը, Վաշինգտոնից Բրենսոնի գործի առնչությամբ պատժամիջոցների սպառնալիքը Էրդողանն անվանել է «հոգեբանական պատերազմ»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են 2016 թվականին ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնի հարցը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «մեծ պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի դեմ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին աջակցելու համար մեղադրվող ամերիկացի քահանա Էնդրյու Բրենսոնի ձերբակալության պատճառով: ԱՄՆ նախագահը հայտարարել է Բրենսոնի անմեղության մասին և ընդգծել է, որ նա պետք է «անհապաղ ազատ արձակվի»:

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի «որևէ մեկի կողմից» նման հռետորաբանություն և ընդգծել է, որ ոչ մեկը չի կարող Թուրքիային թելադրել՝ ինչպես վարվել: