Դանիայում արգելվել է դեմքը ծածկող հագուստ կամ դիմակ կրել
Օգոստոսի մեկից Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է քաղաքացիներին ծածկել դեմքը հանրային վայրերում: Ընդ որում՝ արգելված է ոչ միայն մուսուլմանական հագուստը, այլև տարատեսակ դիմակներն ու իրերը, որոնք կծածկեն դեմքը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ Դանիայի արդարադատության նախարարությանը հղումով:
Համապատասխան օրենքը Դանիայի խորհրդարանն ընդունել է մայիսին: Նշվում է, որ խախտումների դեպքում քաղաքացիները կտուգանվեն 134-1340 եվրոյի չափով:
Օրվա երկրորդ կեսին Կոպենհագենում ու Օրհուսում նախատեսված էին բողոքի ցույցեր, որոնց ընթացքում ոստիկանությունը թույլ է տվել ցուցարարներին ծածկել դեմքը, քանի որ տվյալ ցույցերը դիտարկվում են որպես քաղաքացիների ազատ խոսքի իրավունքի դրսևորում: Սակայն միևնույն ժամանակ արգելված է կրել դեմքը ծածկող հագուստ կամ դիմակ ցույցի գնալիս կամ ցույցից վերադառնալիս:
Նոր օրենքի համաձայն՝ արգելված չեն դիմակահանդեսի կամ Հելոուինի դիմակները, ինչպես նաև ձմեռային շարֆերը: Սակայն քննադատները կարծում են, որ օրենքի նորմերը բավականաչափ հստակ չեն ներկայացված:
Նշենք, որ 2011 թվականից նմանատիպ օրենք է գործում Ֆրանսիայում ու Բելգիայում, իսկ 2017 թվականից նաև Ավստրիայում:










