Իրանում հակակառավարական ցույցերի 5-րդ օրն է (լուսանկարներ)
Իրանի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել Թեհրանում, Քարաջում, Շիրազում, Քոմում և այլ խոշոր քաղաքներում:
Ցուցարարները բողոքում են երկրի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման դեմ: Նրանք լուրջ մտավախություններ ունեն առ այն, որ ԱՄՆ-ի կողմից վերականգնվելիք պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան տնտեսության վրա:
Աղբյուրը մանրամասում է, որ որոշ վայրերում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Ավելի վաղ հաղորդվում էր նաև ձերբակալվածների մասին:
Ցույցերը հիմնականում սկսվել են բարձր գների և կոռուպցիայի դեմ կարգախոսներով, սակայն արագորեն հակակառավարական բնույթ են ստացել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը 2015թ. կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին:














