Գյուղացուն տրված խոստումները մնացել են օդի մեջ, և նա մնացել է մեն-մենակ՝ իր հողակտորի հետ. Հ. Բերբերյանը՝ գյուղմթերքի թանկացման պատճառների մասին 

11:36 • 06.08.18

Շատ սպառողներ դժգոհում են, որ օգոստոս ամսվա համար գյուղմթերքը  նկատելիորեն թանկ է: Ինչպես ցույց է տալիս խանութներում ու սուպերմարկետներում անցկացված մոնիթորինգը՝ հուլիս-օգոստոս ամիսներին գյուղմթերքի գնի անկում ոչ միայն չի եղել, ինչպես սովորաբար լինում էր, այլև բանջարեղենի որոշ կուլտուրաներ թանկացել են: Մասնավորապես, եթե մայիսի վերջին դդմիկի մեկ կիլոգրամն արժեր 100 դրամ, ապա այսօր այն 300-400 դրամ է: Սմբուկի մեկ կիլոգրամը 150 դրամ է, պղպեղը՝ 400-450, ձմերուկը՝ 200-280, լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 250-300 դրամից չի իջնում:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Tert.am-ի հետ զրույցում բանջարեղենի գնի՝ օգոստոս ամսվա համար աննախադեպ բարձր գները պայմանավորեց 3 գործոնով. երաշտ, ցանքատարածքների կրճատումներ, և լոլիկին, պղպեղին ու սմբուկին մորմազգու ցեցից հասցված վնաս:

«Մենք գոնե մինչև մի երկու օր առաջ առնվազն գտնվում էինք երաշտում՝ մինչև այս տեղումները, և այդ չոր կլիման, որքան էլ ոռոգման ջուրը բավարարում էր, իր սև գործն արեց, և բերք քիչ ունեցանք: Նաև անփութության մեղքով կան տեղեր, որ դաշտերն ուղղակի չորացել են: Եվ այն, որ կա ոռոգման համակարգ, դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև եթե 6 ամիս տեղումներ չեն լինում՝ պետությունը պարտավոր է հայտարարել երաշտ, ինչը չի անում: Ոչ մի տարի էլ չի անում»,-ասաց Հրաչ  Բերբերյանը:

Նրա խոսքով՝ կա հարցի 2-րդ կողմը. «Գյուղացուն տրվել են տարբեր խոստումներ՝ գյուղատնտեսական վարկերի տույժերի մարում, սև պատմությունների վերացում և այլն, բայց սայլը տեղից չի շարժվում: Այդ ամենն ուղղակի մնացել է օդի մեջ, իսկ գյուղացին էլ մնացել է մեն-մենակ՝ իր հողակտորի հետ: Եվ այսօր կա նաև երրորդ խնդիրը, որ գյուղացին էլ չունի նախկին ցանքատարածքները: Այսինքն՝ գյուղմթերքի արտադրությունը քիչ է»:

Գյուղատնտեսական ոլորտի փորձագետը կրկնեց վերջին շրջանում մի քանի անգամ բարձրաձայնած տեսակետը, որ արտահանման հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ թվեր են ցույց տալիս: Առնվազն խիստ կասկածելի է թվում 50 հազար տոննա ծիրանի արտահանումը:

«Պարզ թվաբանական հաշվարկ. Հայաստանում կա սառնարաններով 350-400 բեռնատար ավտոմեքենա, լավագույն դեպքում այս մեքենաների 10 տոկոսը չի աշխատում՝ վերանորոգման մեջ է: Դե, հիմա հաշվեք, ամեն մի մեքենայի՝ Մոսկվա գնալ–գալու տևողությունը 12-15 օր է: 400 մեքենան լավագույն դեպքում կարտահանի 8000 տոննա ծիրան: Եթե այդ թիվը բազմապատկում ենք 3-ով, այսինքն՝ ամեն 15 օրը մեկ այդ մեքենաները գնան-գան 3 անգամ, ապա ստացվում է 45 օր: Մենք երբեք 45 օր ծիրան չենք արտահանել, բայց ենթադրենք՝ այս տարի արտահանել ենք, ապա ստացվում է 24-26 հազար տոննա: Բա այդ 50 հազար տոննան որտեղի՞ց»-հարցրեց Հրաչ Բերբերյանը, ու ինքն էլ պատասխանեց, որ Հայաստանում, սովորույթի համաձայն, զբաղվում են թվանկարչությամբ: «Եթե նախորդ նախարարները նկարում էին, էս վերջինը շատ լավ է նկարում»,-ամփոփեց Բերբերյանը:

Նրա  խոսքով՝ գյուղացին իր նախարարը պետք է ունենա կառավարությունում, որն իր շահերը կպաշտպանի»։