Ամուսնալուծվող Եվգենի Պետրոսյանը պատմել է «ուսերից ընկած ծանր բեռի մասին». Ժիրինովսկին մեկնաբանել է հումորիստի ամուսնալուծությունը

10:28 • 06.08.18

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը, որը գտնվում է կնոջ՝ երգիծաբան Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծական գործընթացի մեջ ու կիսում է նրա հետ համատեղ ունեցվածքը, իր ինստագրամյան էջում հրապարակել է մի տեսանյութ՝ պատմելով «ուսերից ընկած ծանր բեռի մասին»:

Հումորիստը պատմել է, որ «հիմա լիարժեք թուլացել է մի քանի ամիս տևած լարված աշխատանքից հետո»:

«Այնպիսի զգացողություն է, որ ուսերիցս ծանր բեռ է ընկել, քանի որ ավարտվել են «Յումորինա»-ի նկարահանումները, որտեղ ես վեց համար ունեի ու շատ երկար էի դրանց նախապատրաստվել: Իսկ հիմա լիարժեք թուլացել եմ մի քանի ամիս տևած լարված աշխատանքից հետո: Ահա այսպիսինն է մեր դերասանական կյանքը»,-նշել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորիստի կինը դիմել էր դատարան՝ Պետրոսյանի հետ համատեղ ձեռքբերված ունեցվածքը կիսելու հայցով: Հայազգի հումորիստի փաստաբանը պատմել է, որ իրենք հակընդդեմ հայց են ներկայացրել Սեպանենկոյի դեմ՝ պահանջելով հավասար կիսել ունեցվածքը:

Մինչդեռ kp.ru-ն մեջբերել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու խոսքը, որում քաղաքական գործիչը նշել է, որ Պետրոսյանը ցանկանում է «մարդավարի», խաղաղ ամուսնալուծվել, իսկ Ստեպանենկոն ցանկանում է իրենց բաժանությունը սկանդալի վերածել: