Կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքը կիրառվել է «Մարտի 1-ին» ոչ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)
Նախնական օպերատիվ տվյալներով՝ կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերը, հնարավոր է, առնչություն ունեն «Մարտի 1-2-»-ի դեպքերի հետ, կիրառվել են ոչ իրավապահ համակարգի մարդկանց կողմից: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Դա վարկած է, որը պետք է ստուգվի», -ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, որ նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն, արդյունքները պարզ կլինեն դրանից հետո:
Անդրադառնալով դիտարկմանը, թե զենքը կարող էր թիկնազորի մոտ լինել՝ Վանեցյանը դրական պատասխան տվեց:
Թե արդյոք կոնկրետ Հովիկ Աբրահամյանն է հրահանգել թիկնաազորին, Վանեցյանը սրա շուրջ չմանրամասնեց:
«Ես չեմ կարող ասել, որ նրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, ես կարող եմ միայն ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարվել է, որ «Մարտի 1»-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ։ Եղել են թիկնապահներ, եղել են կողմնակիցներ և այլն, և այլն: Դուք ինչո՞ւ եք ինձ ստիպում, որ ասեմ Հովիկ Աբրահամյանի։ Ոչ, չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը։ Հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին», -ընդգծեց նա:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև հարցին՝ արդյոք ԱԱԾ հրավիրվել է ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հերքելով շրջանառվող տեղեկատվությունը:










