Իրաքը սառեցրել է Իրանի հետ բանկային գործարքները՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո

16:58 • 09.08.18

Իրաքի իշխանությունները դադարեցրել են Իրանի ֆինանսական հաստատությունների հետ բանկային փոխանցումները՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Al-Mada պարբերականին:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրաքի կենտրոնական բանկ է ուղղել նամակ, որում պարտավորեցրել է իրաքյան բանկերին «դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության բանկերի հետ բոլոր գործարքները»՝ սպառնալով «սառեցնել նրանց ակտիվները և «սև ցուցակում» ներառել»:

Ինչպես նշել է Իրաքի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մազհար Մուհամեդը, բացի բանկային սեկտորից, հակաիրանական պատժամիջոցներն անդրադարձել են նաև էներգետիկայի վրա:

«Իրաքի կառավարությունն անցել է Իրանին այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնման՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների ֆոնին»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը մոտ ժամանակներս ձևավորելու է և Պարսից ծոցի երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա և Քուվեյթ է ուղարկելու պատվիրակություններ՝ էլեկտրաէներգիայի պահանջների փոխհատուցման ուղղությամբ ջանքերի շրջանակում:

«Այդ այլընտրանքները պետք է նվազեցնեն հակաիրանական պատժամիջոցներից վնասը Իրաքի տնտեսության համար»,- ասել է պաշտոնյան: Նա հավելել է նաև, որ «ամերիկյան պատժամիջոցները բացասաբար են անդրադառնալու Թեհրանի և Բաղդադի միջև առևտրային գործարքների ծավալի վրա»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու մասին: