Պաղեստինն ու Իսրայելը Գազայում հրադադարի շուրջ համաձայնության են եկել
Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայիններն ու Իսրայելը համաձայնության են եկել վերջին օրերին շարունակվող ռազմական գործողությունների դադարեցնման շուրջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի քաղբյուրոյի անդամ Թալիլ Աբու-Զարիֆին հղումով:
Աղբյուրի խոսքով՝ հրադադարն ուժի մեջ է մտնում կեսգիշերին: Նա նաև ընդծել է, որ կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի միջնորդությամբ:
Նման դեպքերում իսրայելցիները սովորաբար չեն ընդունում համաձայնության առկայությունն այն խմբավորումների հետ, որոնք իրենք ահաբեկչական են համարում, սակայն «հանգստությանը հանգստությամբ» պատասխանելու պատրաստակամություն են հայտնում:
Վերջին մեկուկես օրում պաղեստինցի գրոհայինները շուրջ 180 հրթիռ ու ական են արձակել Իսրայելի ուղղությամբ, որտեղ առնվազն 7 մարդ է վիրավորվել: Իսրայելական օդուժը պատասխան հարված է հասցրել Գազային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 3 տեղի բնակիչ՝ այդ թվում նաև կին և երեխա:










