Ուֆայում 202 ուղևորով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով

06:28 • 22.08.18

«Red Wings» ավիաընկերության Տու-204 ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան Ուֆայից ուղևորվել է Սոչի, սակայն գրեթե անմիջապես հետ է վերադարձել և վթարային վայրէջք կատարել՝ ձախ շարժիչի այրման պատճառով: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ասվում է Ուֆայի միջազգային օդանավակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 5:06-ին: Ձախ շարժիչի այրման հետևանքով «Red Wings» ավիաընկերության Տու-204 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ուֆա-Սոչի 808 չվերթը, ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Ուֆայի օդանավակայանում:

Օդանավում եղել է 202 ուղևոր, որոնք վայրէջքից 7 րոպե անց տարհանվել էն: Նրանց հետ զրուցում են ավիաընկերության ներկայացուցիչներն ու հոգեբանները: