Ցանքատարածությունները պակասել են. եթե տենդենցը շարունակվի, գյուղատնտեսություն չենք ունենալու. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ ցանքատարածությունները նվազել են 6412 հեկտարով: «Վիճակագրական վարչության թվերը զավեշտալի են, անմխիթար են մեզ համար: Նման զավեշտալի վիճակ Հայաստանի գյուղատնտեսությունը չի ունեցել»,-ասաց նա և նշեց, որ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում խիստ պակասել են կարտոֆիլի ցանքատարածությունները:
Ըստ նրա՝ գյուղացին չի վստահում գյուղատնտեսության ոլորտի ղեկավարներին: Անդրադառնալով գների բարձրացմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ բանջարեղենի գները բարձրանում են, որովհետև ցանքատարածությունները նվազել են, ինչից օգտվել է ոռոգման ցանցը, որովհետև ցանք չի եղել, որ ոռոգեն: «Այս տարի 4-5 հազար տոննա պակաս բերք ենք ունեցել, հետո էլ ասում են` հայկական տոմատի մածուկ չկա, որտեղի՞ց լինի, որ 1700 հա-ով լոլիկն է պակասել»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ցանքատարածությունները նվազել են, որովհետև այդպես էլ չեն ձևավորվել արտահանման սխեմաները և կա նաև վերամշակման խնդիր: Ինչ վերաբերում է կարտոֆիլի բերքին, ապա նա ասաց, որ կարտոֆիլի ցանքատարածությունները պակասում են, որովհետև սերմացուի, ոռոգման ջրի խնդիր կա: «Եվս երկու խելոք ղեկավար, և գյուղատնտեսության մասին էլ չենք խոսի: Եթե այս տեդենցը շարունակվի, մի քանի տարի հետո գյուղատնտեսություն չենք ունենալու»,-ասաց նա;
Անդրադառնալով կառավարության՝ Սևանից ջրառ իրականացնելու որոշմանը, Հրաչ Բերբերյանն ասաց, որ Սևանի հետ կապված վարչապետը ճիշտ է: «Գարնանը բավականաչափ տեղումներ ունեինք, ջրամբարները լիքն էին, մեկ էլ այդ ջուրը անհետացավ, դա առնվազն խեղկատակություն է: Մենք երկրորդ խնդիրն էլ ունենք, դա հէկ-երի խնդիրն է, որոնք տզրուկի պես կպած են գյուղացիների ջրերին: Հենց այսօր այդ հէկ-երը պետք է փակվեն, եթե խանգարում են գյուղատնտեսության աշխատանքներին»,-ասաց նա:
Նա, թեև համաձայնեց, որ ստվերային գյուղատնտեսություն ունենք, սակայն նշեց, որ ստվերային այգիներ չեն կարող լինել, դրանք չհաշվառված այգիներ են: Հրաչ Բերբերյանը նշեց՝ պետք է աշխատել, որ գյուղատնտեսությունը այդ վիճակից փրկվի: «Ջրային տնտեսությունը լուրջ բարեփոխումների պետք է գնա, մոնոպոլիան պետք է քանդվի, և ջրի արժեքը կէժանանա»,-ասաց նա:










