ՌԴ–ն գնում է ՀՀ-ի հետ առճակատման ճանապարհով. Ռուբեն Մեհրաբյան
ՌԴ–ն գնում է ՀՀ-ի հետ առճակատման ճանապարհով, պարտակում է հանցագործության մեջ մեղադրվողներին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով «Ինտերֆաքս» գործակալություն հրապարկմանը, թե Ռուսաստանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` հրապարկումը պետք է պաշտոնական հաղորդագրություն համարել:
Վերլուծաբանի կարծիքով՝ առճակատման տանելու մասին է խոսում նաև ՌԴ-ի արձագանքը Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, ինչպես նաև Կրեմլի պաշտոնական կայքում զետեղված Պուտինի շնորհավորանքը՝ ուղղված Քոչարյանին:
«ՌԴ–ն կրկին պետք է վերլուծի առճակատումը, որքանո՞վ է իրեն ձեռնտու, որովհետև այնպես չէ, որ ՌԴ-ի հետ առճակատումից միայն մենք կտուժենք, իրենք կկորցնեն շատ ավելի շատ: Հայկական կողմը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը կատարի ռուսական ներգործությունը Հայաստանի ներսում չեզոքացնելու համար և նաև արտաքին այնպիսի քաղաքականություն վարի, որ մեր երկիրը արտաքին միջամտությունից ապահովագրի»,-շեշտեց նա:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` ՌԴ–ն լարվածության է գնում ոչ միայն Մարտի 1-ի գործում ներգրավված մարդկանց գործոններով պայմանավորված, այլ հեռահար նպատակներից ելնելով:
«Իրեն ձեռնտու չէ տեսնել անկախ, ինքնուրույն Հայաստան, իրեն ձեռնտու չէ տեսնել արդար Հայաստան, որտեղ հանցագործը պատժվում է, ոչ թե երկիր է կառավարում, այնպես, ինչպես իրենց մոտ է: Ռուսաստանի ներսում այսօր տեսնում ենք ռեպրեսիաների նոր ալիք, Պուտինի ռեժիմը չի ուզում թույլ տալ, որ Հայաստանի օրինակը Ռուսաստանի համար նախադեպ դառնա, սեփական կաշին փրկելու հարց է նաև պոտենցիալ վտանգներին ընդառաջ»,-եզրափակեց վերլուծաբանը:










